Միքայել Մելքումյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Armenpress 17:38, 3 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը սեպտեմբերի 3-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, Միքայել Մելքումյանը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ռուսական ավանդական ջերմ ու բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը:

ՀՀ ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ՝ միջպետական հարաբերությունների զարգացման հարցում ուրույն դեր ունի խորհրդարանական դիվանագիտությունը: Խոսելով հայ-ռուսական ռազմավարական եւ դաշնակցային հարաբերությունների մասին՝ Միքայել Մելքումյանն իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրի առնչությամբ:

Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում: Դեսպանն իր հերթին կարեւորել է հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը:

Միքայել Մելքումյանն ընդգծել է միջխորհրդարանական հարթակներում Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանականների միջեւ փոխգործակցությունն ու համատեղ աշխատանքը:

Խոսելով երկկողմ տնտեսական կապերի մասին՝ կողմերն անդրադարձել են ռազմարդյունաբերական, առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը: Միքայել Մելքումյանն անհրաժեշտ է համարել ոչ կառավարական մակարդակում տնտեսական համագործակցությունը խթանելու ուղղությամբ իրականացվող քայլերը: Այս համատեքստում նա կարեւորել է ՀՀ եւ ՌԴ մարզերի միջեւ ուղղակի առեւտրատնտեսական կապերի ստեղծման անհրաժեշտությունը, հատկապես ՌԴ այն մարզերի հետ, որտեղ ապրում եւ աշխատում են մեր հայրենակիցները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am