«Արմենիա տուրիստիչեսկայա» ամսագրի զբոսաշրջային ոլորտի ամենամյա մրցանակաբաշխության մրցակցությունը տարեցտարի ավելանում է

Armenpress 15:59, 3 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն 5-րդ տարին անընդմեջ «Արմենիա տուրիստիչեսկայա» ամսագիրն անցկացնում է զբոսաշրջության ոլորտի ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության արարողության ղեկավար Անահիտ Գևորգյանի խոսքով` նախորդ տարի ներկայացված 12 անվանակարգերին ավելացել են ևս երեքը` «Արցախի տարվա ռեստորան», «Տարվա տուրիստական ստարտափ» և «Տարվա էկոնախագիծ» անվանակարգերը:

«Մրցանակաբաշխությունը նվիրված է ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև մշակույթի և կրթության ոլորտներում գործունեություն ծավալողներին: Նաև Արցախի Հանրապետությունն ընդգրկող մրցանակաբաշխության շրջանակում ներկայացված է 15 անվանակարգ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Գևորգյանը:

Ներկայացնելով քվեարկության ընթացակարգը՝ մրցանակաբաշխության արարողության ղեկավարը նշեց, որ քվեարկությունը տեղի է ունենում երկու փուլով:

«Քվեարկությանն իրավունք ունի մասնակցելու յուրաքանչյուր  ընկերություն և անհատ, որոնք  գործում են զբոսաշրջության ոլորտում: Քվեարկությունը խիստ վերահսկվում է կազմակերպիչների կողմից: Եթե ընկերությունը քվեարկել է իր իսկ ընկերությանը՝ այդ ձայնը չենք հաշվելու: Առաջին փուլում հնարավորություն է տրվում ներկայացնել անվանակարգերում առաջադրվածներին, իսկ հետո արդեն, ելնելով քվեարկության արդյունքներից, ներկայացվում է ընտրված լավագույն հնգյակը, որից հետո էլ ընտրվում արդեն բոլոր անվանակարգերի ներկայացվածների լավագույնները»,- նշեց Գևորգյանը:

Ըստ մրցանակաբաշխության արարողության ղեկավարի` առաջին տարվանից մինչ օրս փոփոխությունները ահռելի են, նկատելի է մասնակիցների  ոգևորությունը նույնիսկ լավագույն հնգյակ անցնելու դեպքում:

Մրցանակներ են տրվելու «Էքստրեմալ տուրիզմի տարվա նախագիծ», «Ազգային ավանդույթների պահպանմանն ուղղված տարվա ծրագիր», «Տարվա տուրիստական նախագիծ», «Տարվա էքսկուրսավար», «Տարվա տրանսպորտային կազմակերպություն», «Տարվա թանգարան», «Տարվա հանգստյան տուն», «Ներգնա տուրիզմի տարվա տուրօպերատոր», «Արցախի տարվա հյուրանոց», «Հայաստանի տարվա ռեստորան» և «Տարվա հանգստյան քաղաք» անվանակարգերում, որոնց ավելացել են ևս երեքը` «Արցախի տարվա ռեստորան», «Տարվա տուրիստական ստարտափ» և «Տարվա էկոնախագիծ» անվանակարգերում:

Զբոսաշրջության զարգացման գործում իրենց ունեցած ներդրման համար տրվում է 2 ոչ մրցույթային կարգով ընտրված մրցանակ` տարվա ավելի դինամիկ զարգացող ընկերությանն ու միջոցառման գլխավոր գործընկերոջը:

Այս տարի միջոցառման պաշտոնական բացումը կկատարի Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Միջոցառման պատվավոր հյուրերն են լինելու Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև կրթության և գիտության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ղեկավարներ: Մրցանակաբաշխությունը կուղեկցվի համերգային ծրագրով և տոնական ընթրիքով:

Մրցանակաբաշխության արձանիկները պատրաստվել են հայտնի դիզայներ Մարգարիտա Մատուլյանի էսքիզի հիման վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am