Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանին

Armenpress 14:14, 3 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:

Շնորհավորելով դեսպանին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը, ունենալով բազմաթիվ ընդհանրություններ ու ժողովուրդների միջեւ բարեկամության պատմական ավանդույթներ Սիրիայի հետ, մշտապես շարունակելու է արդյունավետ համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը քաղաքական, առեւտրատնտեսական եւ այլ ոլորտներում: Օրենսդիր մարմնի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու դեսպանի նախաձեռնություններին՝ ի նպաստ համագործակցության զարգացման եւ խորացման:

Արա Բաբլոյանը կարեւորել է նաեւ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, խորհրդարանականների շփումների ու փոխայցերի ակտիվացումը:

Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Սիրիայի Ժողովրդական ժողովին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքների եւ միջոցառումների համար:

Խոսելով երկու երկրների ներքաղաքական իրավիճակից՝ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ շուտով խաղաղություն, ներքաղաքական կայունություն եւ հասարակական համերաշխություն կհաստատվի Սիրիայում:

Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է մասնակցելու բարեկամ Սիրիայի վերականգնողական աշխատանքներին:

Մոհամմեդ Հաջ Իբրահիմը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը զարգացնելու Սիրիա-Հայաստան հարաբերությունները բոլոր բնագավառներում:

Դեսպանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ արդյունավետ համագործակցությունը, նշել է, որ դեռեւս չօգտագործված ներուժ կա տնտեսական ոլորտում:

Սիրիա-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում Մոհամմեդ Հաջ Իբրահիմը կարեւորել է սիրիահայ համայնքի դերը, որը Սիրիայի հասարակության անքակտելի մասն է եւ մեծ ներդրում ունի երկրի զարգացման գործում:

Անդրադառնալով Սիրիայի եւ Հայաստանի դարերի խորքից եկող հարաբերություններին ու պատմական ընդհանրություններին՝ դեսպանն ասել է. «Այն, ինչ տեսավ Սիրայի ժողովուրդն այս տարիներին, նման է այն ամենին, ինչ տեսան հայերն Արեւմտյան Հայաստանում»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am