ՀՀ կառավարությունն ակտիվ աշխատում է օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ

Armenpress 13:51, 3 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ կառավարությունում վերջնական քննարկման փուլում է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակը օտարերկրյա ներդրողների համար լավ պայմաններ ստեղծելն է:

«Նախագծի գլխավոր նպատակը հենց օտարերկրյա ներդրողների համար լավ պայմաններ ստեղծելն է՝ երաշխավորված, տեսանելի, կանխատեսելի պետական մարմինների վարքագծով: Սա ներքին ներդրողներին նույնպես վերաբերվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ պետություն-մասնավոր հարաբերակցությունը պետք է հիմնված լինի հստակ խաղի կանոնների վրա: «Չի կարող այնպես լինել, որ որևէ պետական մարմին մի որոշում կայացնի, որի արդյունքում խաթարվի որևէ ներդրումային ծրագիր: Իսկ ներդրումային ծրագրերին պետք է նախորդեն բազմաշերտ ուսումնասիրությունները, բոլոր ռիսկերի գնահատումները, որի հիման վրա պետք է դրվի ներդրումների երաշխավորության համակարգը»,- մանրամասնեց Մինասյանը:

Նախարարը նաև հավելեց, որ կառավարությունն աշխատում է ներդրումային նոր օրենք ունենալու վրա, որը պետք է ներկայում գործող օտարերկրյա ներդրումների պաշտպանության համակարգը լրացնի նոր գործիքակազմով, ինչն ավելի մեծ վստահություն կտա ներդրողներին ներդրումներ կատարել և ապահովագրել իրենց ներդրումները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am