1000х90.jpg (78 KB)

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի մշտական ներկայությունը Հայաստանի զարգացման օրակարգում. Մնացականյան

Armenpress 12:25, 3 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ճապոնիայի գործընկերոջ՝ Տարո Կոնոյի հետ հանդիպմանը քննարկել է հայ-ճապոնական հարաբերությունների այն հարուստ օրակարգը, որը ձևավորվել է հարաբերությունների հաստատման 26 տարիների ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԱԳ նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մնացականյանը՝ ընդգծելով, որ իրենք ուրվագծել են այն ուղղությունները, որոնք առաջ են տանելու բավական հարուստ ու դինամիկ երկկողմ օրակարգը:

«Հայ-ճապոնական երկկողմ օրակարգը 26 տարիների ընթացքում շատ է զարգացել և բավական հագեցած է դարձել: Չափազանց բարձր ենք գնահատում Ճապոնիայի մշտական ներկայությունը Հայաստանի զարգացման օրակարգում: Աջակցությունը, որ այս տարիների ընթացքում ցուցաբերվել է Հայաստանին, բավական զգալի է»,- նշեց Մնացականյանը:

Նա հիշեցրեց, որ այս տարիների ընթացքում Ճապոնիան Հայաստանին տրամադրել է շուրջ 300 մլն դոլարի արտոնյալ վարկեր, շուրջ 79 մլն դոլարի դրամաշնորհներ, 11.5 մլն դոլար տեխնիկական աջակցության և վերապատրաստումների ծրագրերի համար:

«Սկսած հրշեջ մեքենաներից մինչև առողջապահական, կրթական, մշակութային ոլորտներն օգտվել են այս համագործակցությունից ու ցուցաբերվող աջակցությունից: Ունենք 600-ից ավել մասնագետներ, ովքեր վերապատրաստում են անցել Ճապոնիայում: Ուրվագծել ենք նոր ուղղություններ, որոնք կցանկանանք զարգացնել: Ցանկանում եմ շեշտադրել նորարարությունների ուղղությունը, որը մեր երկրների երկխոսության, համագործակցության ոլորտում կարող է շոշափելի և հստակ արդյունքներ տալ»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Նա հայտնեց, որ գործընկերոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև միասին աշխատելու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:

«Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարցում ևս Ճապոնիան ունի իր ներգրավվածությունը: Քննարկել ենք այդ ուղղությամբ համագործակցության ուղիները, այդ թվում և խորհրդարանական ընտրությունների համատեքստում:

Կարևորություն դարձրեցինք նաև մարդկային շփումներին, որը միջպետական հարաբերությունների հիմքն է»,- ասաց Մնացականյանը:

Հիշեցնելով, որ Հայաստանն արտոնյալ ռեժիմ է սահմանել Ճապոնիայի անձնագիր ունեցող քաղաքացիների համար, ովքեր կարող են առանց վիզայի մուտք գործել մեր երկիր՝ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ Ճապոնիայի կողմից նույնպես մոտ ժամանակներս կարվեն քայլեր, որոնք հնարավորություն կտան դյուրացնելու հայ քաղաքացիների այցերը Ճապոնիա:

Մնացականյանը հայտնեց, որ Տարո Կոնոյի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Տոկիոն ու Երևանը կապող ուղիղ չվերթ ունենալու հեռանկարին:

«Ես անդրադարձա նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, ներկայացրեցի բանակցային գործընթացը: Ընդգծեցի մեր շեշտադրումը՝ հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով, միջազգայնորեն ճանաչված ու աջակցություն ստացող Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Անդրադարձա խաղաղությանը նպաստող պայմանների ձևավորմանն ու դրան մեր կողմից տրվող նշանակությանը»,- ասաց Մնացականյանը:

Կողմերը քննարկել են նաև միջազգային օրակարգում առկա հարցեր ևս, ինչպես օրինակ, զարգացումները Մերձավոր Արևելքում, Արևելյան Ասիայում: Մեծ ուշադրություն է դարձվել բնական աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականությանը: «Երկու երկրներն ու ժողովուրդները բավական ծանոթ են բնական աղետների հետևանքներին ու գիտակցում են կարողությունների զարգացման նշանակությունը նման հարցերում»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Ճապոնիայի ԱԳ նախարարն ավելի ուշ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am