1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ-ի կողմից հետախուզվող և Հայաստանում ձերբակալված թուրքը երկու ամսով կալանավորվել է

Armenpress 11:45, 3 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է  Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք ԱՄՆ քաղաքացի Քեվին (Քեմալ) Օքսուզին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Որպես Օքսուզի խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:  

Ավելի վաղ, ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Քևին (Քեմալ) Օքսուզը այս պահին դեռ Հայաստանում է: Գործի հետ կապված այլ տեղեկություններ Աշոտ Ահարոնյանը չէր տրամադրել՝ շեշտելով, որ ոստիկանության՝ ավելի վաղ հաղորդած տեղեկատվությանն ավելացնելու ոչինչ այս պահին չունի:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողներն օգոստոսի 29-ին, համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների հետ, Երևանում հայտնաբերել են Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քևին (Քեմալ) Օքսուզին, որը ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով Հայաստանում հիմնադրել էր ՍՊԸ և սկսել գործունեություն: Օգոստոսի 23-ին Քևին Օքսուզի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում ԱՄՆ քրեական օրենսգրքի հատկանիշներով, մասնավորապես՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու (4 դրվագ) մեղադրանքներով: Օքսուզը թուրքամերիկացիների և եվրասիացիների հասարակական, շահույթ չհետապնդող կազմակերպության նախագահն էր: Կազմակերպության նպատակն էր սերտ հարաբերություններ հաստատել թուրքերի և ամերիկացիների միջև՝ կազմակերպելով ուղևորություններ դեպի Թուրքիա և Ադրբեջան: 2013 թվականին Օքսուզը այլ անձանց հետ մի քանի ԱՄՆ կոնգրեսականների էր հրավիրել մասնավոր ուղևորության դեպի Ադրբեջան և Թուրքիա:

ԱՄՆ կոնգրեսականների մասնավոր այցերը կանոնակարգվում են Էթիկայի հանձնաժողովի կողմից՝ ԱՄՆ ճանապարհորդությունների մասին կանոնակարգի դրույթների համաձայն: Այս կանոնակարգի համաձայն՝ ուղևորության հովանավորները պետք է լրացնեն հատուկ ձևաթղթեր, ինչը կհավաստի ուղևորության համար ծախսվող ֆինանսավորման աղբյուրները, նաև պետք է նշվի վճարումների աղբյուրը և փաստացի ծախսերը: Որպես ճամփորդության ենթադրյալ կազմակերպիչ Օքսուզը էթիկայի հանձնաժողովին ներկայացրել է ձևաթղթեր, որոնք կեղծել է, և նշել, որ կազմակերպությունը ուղղակի կամ անուղղակի որևէ աղբյուրից ֆինանսական միջոցներ չի ստացել: Պարզվել է, որ Օքսուզի ղեկավարած կազմակերպությունը փաստացի չի վճարել բոլոր ծախսերի համար և ստացել է ֆինանսավորումներ, այդ թվում՝ Ադրբեջանի կառավարությանը պատկանող` «Սոկար» նավթարդյունաբերական ընկերությունից: Պարզվել է նաև, որ ԱՄՆ կոնգրեսի 9 անդամներ և աշխատակազմի 32 անդամներ ստացել են հարյուր հազարավոր դոլարների արժողության նվերներ: 

Քեմալ Օքսուզը, ով ԱՄՆ քաղաքացի դառնալուց հետո անունը փոխել է Քևինի, իր գործունեությունից ներկայացրել է նաև որոշ մանրամասներ: «Հայ սփյուռքը ուժեղ է և լավ աշխատանք է կատարում: Ադրբեջանական սփյուռքը ոչինչ է: Նրանք միայն փող են ծախսում լոբբիի համար, սակայն ոչինչի չեն հասնում: Երբ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը հասնում է ԱՄՆ կոնգրես, թուրքերը սկսում են աշխատել դրա ընդունման դեմ: Նրանք զանգում են և հանդիպումներ կազմակերպում: Նման բան արել էի նաև ես, որովհետև չէի հավատում»,- ոստիկանությանը խոստովանել է Օքսուզը: 

Հայաստանում Քեմալ Օքսուզի ձերբակալմանը լայնորեն անդրադարձել էին բոլոր թուրքական առաջատար լրատվամիջոցները: Մասնավորապես, լրատվամիջոցների մի ստվար զանգված նշել էր, որ Քեմալը Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մերձավորներից մեկի՝ Ադիլ Օքսուզի եղբայրն է: Տեղեկատվությունը, սակայն, ավելի ուշ հերքվեց: Թուրքական Diken-ը պարբերականը, մեջբերելով ոստիկանության տրամադրած տեղեկատվությունը, հայտնեց, որ Քեմալ Օքսուզը որևէ ազգակցական կապ չունի Թուրքիայում 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձի հեղինակներից մեկը համարվող Ադիլ Օքսուզի հետ: Այդուհանդերձ, ոստիկանությունը հաստատել էր տեղեկատվությունն այն մասին, որ գյուլենականների հետ կապ ունենալու մեղադրանքով Քեմալ Օքսուզը հետախուզման մեջ է գտնվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am