1000х90.jpg (78 KB)

Բակո Սահակյանը Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահին

Armenpress 10:47, 1 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Վադիմ Կրասնոսելսկուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  ուղերձում ասված է.

«Հարգարժան Վադիմ Նիկոլայի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրի ողջ եղբայրական ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ:

Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության կազմավորումը շրջադարձային եղավ Ձեր ժողովրդի պատմության մեջ՝ դառնալով նրա անվտանգության եւ առաջընթացի հուսալի երաշխավորը:  Եվ արդեն 28 տարի է՝ Մերձդնեստրի ժողովուրդն իրեն հատուկ աշխատասիրությամբ, լավատեսությամբ եւ համախմբվածությամբ կերտում է անկախ ժողովրդավարական ու իրավական պետություն՝ այդ ճանապարհին արձանագրելով շոշափելի հաջողություններ: Մենք անկեղծորեն ուրախ ենք եղբայրական Մերձդնեստրի բոլոր հաջողությունների համար:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժան Վադիմ Նիկոլայի, եւ մաղթում  Ձեզ, Մերձդնեստրի ողջ ժողովրդին խաղաղություն, բարգավաճում ու նոր մեծ հաջողություններ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am