1000х90.jpg (78 KB)

ԿԸՀ-ն բաշխել է Երևանի ավագանու ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

Armenpress 18:18, 31 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 31-ին գումարված հերթական նիստում կայացրել է որոշում՝ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնին (ICES): 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է նաև Երևանի ավագանու ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև:     Արտահերթ ընտրությունների համար ձևավորված թվով 475 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝

Հայաստանի Հանրապետական կուսակցություն `  262-ական,

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք ` 140-ական,

«Ելք» կուսակցությունների դաշինք `  41-ական, 

Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 32-ական:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով  կարող են ներկայացվել սեպտեմբերի 3-ից 5-ը` մինչև ժամը 18.00-ն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am