Արա Բաբլոյանն ընդունել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին


ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 31-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռամեզան Ալի Սոբհանիֆարին եւ խմբի անդամներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանը վստահություն է հայտնել, որ այցը կնպաստի հայ-իրանական հարաբերությունների եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Իրանի հետ ձեւավորված են սերտ, բարիդրացիական եւ փոխվստահության ամուր հիմքերի վրա խարսխված հարաբերություններ: ՀՀ ԱԺ նախագահի համոզմամբ՝ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցում ուրույն դեր ունեն պատգամավորական բարեկամության խմբերը. երկկողմ շփումներն ու փոխայցելություններն նոր լիցք են հաղորդում ոչ միայն միջխորհրդարանական կապերին, այլեւ միջպետական հարաբերություններին: Այս համատեքստում Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի՝ 2018թ. փետրվարին Իրան կատարած այցի արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

Անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Նշվել է, որ այս հարցում նպատակային գործունեություն է ծավալում հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրան-ԵԱՏՄ-Եվրոպա առեւտրատնտեսական հարաբերությունների համար:

Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռամեզան Ալի Սոբհանիֆարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նշելով, որ հայ-իրանական բազմադարյան բարեկամությունը հիմնված է պատմամշակութային ընդհանրությունների վրա՝ խմբի ղեկավարը գոհունակությամբ փաստել է, որ երկու երկրները տարբեր ժամանակներում օրհասական պահերին մշտապես աջակցել են միմյանց:

Ռամեզան Ալի Սոբհանիֆարը եւս միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում առանձնակի կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային հարաբերությունների դինամիկ զարգացման միտումներին, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններն արդյունավետ օգտագործելու, ինչպես նաեւ ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման կարեւորությանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am