1000х90.jpg (78 KB)

Կոնստանտին Օրբելյանն օպերային թատրոնի բյուջեն բավարար չի համարում

Armenpress 14:52, 30 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բյուջեն չի բավարարում շենքի կապիտալ վերանորոգման, ինչպես նաև ևս մեկ նվագախումբ ստեղծելու ու շատ հարցեր լուծելու համար:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

«Բյուջեն չի բավականացնում՝ թատրոնում կապիտալ վերանորոգում անելու համար: Երբեմն մեր գրպանից ենք ծախսեր անում: Առաջին օրից, ինչ ես եկել եմ այս թատրոն, փորձում եմ ավելին անել: Ուզում եմ ստեղծել ևս մեկ նվագախումբ, որպեսզի կարողանանք ավելի շատ աշխատել: Մեկ նվագախումբը չի կարող այսօր նվագել «Աիդա», վաղը՝ «Սպարտակ», մյուս օրը՝ մեկ ուրիշ ներկայացում»,-ասաց Օրբելյանը:

Նրա խոսքով՝ օպերային թատրոնի համար ամառն ամենաբեղուն շրջանն է, երբ շատ զբոսաշրջիկներ են գալիս, և իրենք պետք է շատ աշխատեն: Զբոսաշրջիկները ցանկանում են տեսնել հայկական ներկայացումներ: «Եվ մենք ֆիզիկապես ի վիճակի չենք լինում անել այն, ինչ, ես գիտեմ, որ կարող ենք անել»,-նշեց Օրբելյանը՝ հավելելով, որ երբ հայկական ներկայացումներ են ցուցադրում, բոլոր տոմսերը վաճառվում են, նույնիսկ արդեն հին բեմադրությամբ «Անուշ»-ը ներկայացնելիս դահլիճը լեփ-լեզուն է լինում: «Բայց այս ամենը գումար և ժամանակ է պահանջում: Եվ, ցավոք, գումարը չի բավականացնում»,-ասաց գեղարվեստական ղեկավարն ու հավելեց՝ «Կարմեն» օպերային պատրաստվելու համար թատրոնը ոչ մի դրամ չի վերցրել պետբյուջեից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am