«Որևէ մեկը չի կարող օրինակ բերել ու ասել, որ ես որևէ մեկին կարող եմ նվաստացնել». Արայիկ Հարությունյան

Armenpress 14:48, 30 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կոչ է անում տնօրենների հանդեպ իր ունեցած վերաբերմունքի մասին եզրակացություն չանել մի քանի րոպեանոց տեսանյութով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ տնօրենի հարցին ի պատասխան իր արձագանքին՝ ԿԳ նախարարը կոչ արեց առանձին տեսանյութով չդատել իր ու տնօրենի երկխոսության մասին: «Ամբողջ տեսանյութը նայելու դեպքում պարզ կդառնա, որ դա եղել է անկաշկանդ գործընկերային զրույց: Ձեր այս եզրակացությունը նրա պատճառով է, որ սովոր եք՝ նախարարը տնօրեններին վերևից է նայել ու շեֆություն է արել: Դա եղել է շատ ուղիղ երկխոսություն տնօրենների հետ, այս նույն տրամաբանությամբ, եթե ինչ-որ մեկը հարց տար ու ես ասեի՝ այսինչ բանաձևը հիշո՞ւմ եք, նույնն էր լինելու: Այստեղ որևէ նվաստացման երևույթ չկա: Ինձ ճանաչող որևէ մեկը չի կարող որևէ օրինակ բերել ու ասել, որ ես որևէ մեկին կարող եմ նվաստացնել», - ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ գործող կառավարությունը շատ է տաբերվում նախորդից: «Այստեղ գործընկերային, այլ ոչ թե շեֆական հարաբերություններ են»,- ընդգծեց ԿԳ նախարարը:

Երեկ տնօրեններից մեկը բարձրաձայնել էր օտար լեզվի ուսուցման խնդիրը, իսկ նախարարը արձագանքել էր, որ թեև տնօրենն ինքը ավարտել է անգլերենի խորացված ուսուցմամբ դպրոց, բայց այդտեղից իր ստացած գիտելիքներով չի կարող ձևակերպել իրեն հնչեցրած հարցը: Տնօրենը հակադարձել էր՝ պնդելով, որ կարող է ու իր միտքը ձևակերպել էր անգլերեն: Լրատվամիջոցներում նախարարի արարքը գնահատվել էր որպես տնօրենի անգլերենի իմացության մակարդակը ստուգելու փորձ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am