1000х90.jpg (78 KB)

«Լույս» դաշինքին աջակցողները մեծ ներդրում են ունենալու Երևանի ապագայում. Էդմոն Մարուքյան

Armenpress 21:45, 29 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լույս» դաշինքը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավում  հանրությանը  նորանոր  քաղաքական  դեմքերի և քաղաքական անհատների է ներկայացնելու, ինչպես նաև ճանապարհ է բացելու նոր քաղաքական գործիչների  համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Լույս» դաշինքի դրամահավաք-միջոցառման ժամանակ այս մասին նշեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր , «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Հուսով եմ՝ այդ մարդկանցով կլինենք էլ  ավելի ուժեղ և կառուցողական ու  նոր բարձունքներ ենք գրավելու: Մենք կաշխատենք քարոզարշավի գործընթացը կազմակերպել  հնարավորինս հետաքրքրիր, որ այն չլինի տաղտկալի և ձանձրալի,  այլ լինի սովորեցնող, և քարոզարշավից նորություն մտնի Հայաստանի քաղաքական դաշտ»,- ասաց Սարգսյանը:

 Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարությանը նշեց, որ շատ կարևոր է հաշվետու լինել և հետադարձ կապ պահպանել ընտրողների հետ:

«Կարծում եմ՝ «Ելք» խմբակցությունը Երևանի ավագանիում լուրջ աշխատանք է կատարել՝ամենօրյա ռեժիմով զանգեր, էլեկտրոնային նամակներ են ստացել երևանցիներից և աշխատել նրանց խնդիրները լուծելու ուղղությամբ:

«Լույս» դաշինքի համար սա մի նոր սկիզբ է, որովհետև յուրաքանչյուր մարդ, ով աջակցելու է  այս շարժմանը, մեծ ներդրում է ունենալու Երևանի ապագայում»,- նշեց Մարությանը:

Նրա խոսքով՝ «Լույս» դաշինքն ունի իր ծրագիրը, որը հիմնված է գործող ավագանիների կատարված աշխատանքի հիման վրա:

«Լույս» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով՝ իրենց խմբակցությունները Ազգային Ժողովում և Երևանի ավագանիում չափանիշ են փոխել:

«Մենք ցույց են տվել, որ կարելի է ինչ-որ նպատակ դնել և արդյունքի հասնել, և ես մեծ հաճույքով կառաջնորդեմ այս 111 հոգանոց թիմը, որպեսզի մենք նոր բարձունքներ վերցնենք և նոր ստանդարտներ առաջադրենք: Համոզված եմ, որ  մենք մեր առջև ինչ խնդիր դնենք,  լուծելու ենք»,- ընդգծեց Զեյնալյանը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու  ցանկություն հայտնած «Լույս» դաշինքը  Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 111 հոգանոց ցուցակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am