Սփյուռքի նախարարությունը լուծված է համարում «Քայլ դեպի տուն» ծրագրի խնդիրները


ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունը «Քայլ դեպի տուն» ծրագրով սահմանված խնդիրները համարում է լուծված: Այնուամենայնիվ, արդյունքների վերջնական ամփոփումից հետո գերատեսչությունը կանի հետևություններ թերացումների և հետագա անելիքների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ նման գնահատական տվեց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

««Քայլ դեպի տուն» ծրագրի վերջնական ամփոփման համար որոշակի ժամանակ պետք է, սակայն, իհարկե, արդյունքը դրական էր: Այն խնդիրները, որ մեր առաջ սահմանել էինք, միանշանակ լուծվել են: Սակայն, կարծում եմ՝ կամփոփենք այն թերացումները, որոնք եղել են և կորոշենք՝ հետագայում ինչ ֆորմատով պետք է շարունակվի ծրագիրը: Կհասկանանք՝ պետք է արդյոք քվոտավորում սահմանել տարածաշրջանների համար, կրթական ինչ նոր ծրագրեր են պետք, ինչ այցեր պիտի հանվեն կամ ավելացվեն: Պետք է կիրառենք նաև բոլոր արդյունավետ մեթոդները՝ դասընթացների, կրթության շարունակականությունն ապահովելու համար»,- ասաց նախարար Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի վերաբերյալ իրենց նախնական գնահատականը չափազանց դրական է: Նշեց՝ սա ոչ միայն իրենց գնահատականն է, այլ մասնակիցներից, հանրությունից, հյուրընկալ ընտանիքներից ստացած արձագանքը: «Ծրագրի առաջին իսկ օրվանից մենք փոխել ենք վերաբերմունք: Շատ երեխաներ վարչապետի, մարզպետների, գյուղապետերի տանը ջերմ ընդունելության են արժանացել: Պետական մոտեցումը ևս փոխվել է»,- ասաց Հայրապետյանը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-24-ն իրականացրել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված էր 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am