Գեղարքունիքի մարզում հավաքվել է մոտ 38 հազար 621 տոննա հացահատիկի համախառն բերք


ԳԱՎԱՌ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի տնտեսություններում ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, համայնքներից ստացված նախնական տվյալների համաձայն, հնձված 9100 հեկտար ցորենի արտերից ստացվել է 19 292 տոննա, 10 750 հեկտար գարու արտերից՝ 19 325 հեկտար հացահատիկ:

Ցորենի արտերի 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 2,12, գարու արտերի 1 հեկտարի միջին բերքատվությունը՝ 1,8 տոննա: Օգոստոսի 29-ի դրությամբ հնձվում են հացահատիկի արտերի վերջին հեկտարները: Նույն աղբյուրի համաձայն՝ մարզի տնտեսություններում այս գյուղատնտեսական տարում հավաքվել է 1 500 տոննա բանջար՝ հիմնականում սխտորի տեսքով, 2 550 տոննա պտուղ եւ հատապտուղ, 165 հազար տոննա խոտ, 135 հազար տոննա ծղոտ:

Կարտոֆիլի բերքահավաքը կսկսվի սեպտեմբերի երկրորդ կեսին:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am