1000х90.jpg (78 KB)

Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ

Armenpress 15:52, 29 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գեորգի Վոլսկու հետ:

Քննարկվել են հայ-վրացական միջխորհրդարանական հարաբերություններին, ինչպես նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ Հայաստան եւ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան առաջիկայում կատարելիք այցերի ժամկետներին վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, Էդուարդ Շարմազանովը բարձրացրել է Վրաստանի կառավարության որոշման հետ կապված ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԱԺ նիստում հնչեցրած մտահոգությունը, ըստ որի սեպտեմբերի 15-ից հացահատիկն այլեւս վերգետնյա տրանսպորտով Վրաստանի տարածքով չի կարող ներկրվել Հայաստան:

ՀՀ ԱԺ փոխնախագահը վրացի գործընկերոջը փոխանցել է հայկական կողմի մտահոգությունը՝ նշելով, որ Հայաստանն այլընտրանքային այլ ճանապարհ չունի: «Վրաստանի կառավարության այդ որոշումն ուղղակիորեն ազդելու է մեր ազգաբնակչության կենսամակարդակի վրա, հացահատիկի շուկայում տանելու է գների բարձրացման»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն առաջարկել է հարցը քննարկել վրացի խորհրդարանականների եւ կառավարության ներկայացուցիչների հետ: Գեորգի Վոլսկին բարձրացված խնդիրն իր գործընկերների հետ քննարկելու պատրաստակամություն է հայտնել: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am