Նորաստեղծ «Արագած» բասկետբոլային ակումբը մեծ հույսեր է կապում Հայաստանի առաջնության հետ

Armenpress 13:02, 29 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության նորեկ «Արագած» թիմը մեծ հույսեր է կապում ազգային առաջնության հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ակումբի նախագահ Թոնի Ջունթոյանը, ով նաև տարիներ շարունակ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության «Անդրանիկ» բասկետբոլային ակումբի մենեջերն է: «Ես մոտ 25 տարի աշխատում եմ Լիբանանի բասկետբոլի հավաքականների հետ և, անշուշտ, կապեր ունեի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ: Նախորդ տարի խոսել էի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ, և վերջինս հավաստիացրել էր, որ առաջնությունը նոր է, բայց լավ հիմքեր ունի»,-շեշտեց նա:

Վերջինիս խոսքով, նոր թիմ ստեղծելով՝ իրենք կօգնեն հայկական բասկետբոլի կայացմանը և մակարդակի բարձրացմանը: «Արագած» թիմի հիմնական մասը կազմում են սիրիահայերը, լիբանանահայերը և ԱՄՆ-ից եկած երեք խաղացող:

«Առաջնությանը մասնակցելով՝ նպատակ ունենք դուրս գալ փլեյ-օֆֆ, ինչու ոչ, հաղթել նաև այնտեղ, դառնալ երկրի չեմպիոն, այդ կերպ Հայաստանը ներկայացնել եվրոպական առաջնություններում»,-ասաց Ջունթոյանը:

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության A լիգայի թիմերի ցանկում փոփոխություններ կան: Այս տարի առաջնությանը չի մասնակցի «Ինժեներ»-ը: Այս թիմի փոխարեն երկու նոր թիմեր կմրցեն չեմպիոնության համար. մեկնարկող առաջնությանը կմասնակցեն «Էրեբունի» և «Արագած» թիմերը, որոնք կներկայացնեն մայրաքաղաքը:

Վարվառա Հայրապետյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am