Պատգամավորները մտահոգված են բեռնատարներով ցորենի ներկրումն արգելելու Վրաստանի կառավարության որոշմամբ


ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանի պատգամավորները մտահոգված են Վրաստանի կառավարության որոշմամբ, որի համաձայն՝ սեպտեմբերի 15-ից Վրաստանի տարածքում արգելվելու է բեռնատարներով ցորենի ներկրումն ու տեղափոխումը: Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում խնդրի վերաբերյալ մտահոգություն հայտնեց ԱԺ «Ել» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Վրաստանում սեպտեմբերի 15-ից կառավարության որոշում է ուժի մեջ մտնելու, որի համաձայն հացահատիկն այլևս չի կարող Հայաստան ներկրվել վերգետնյա տրանսպորտով: Ես խոսել եմ տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ: Իրենք իրենց հաշվարկներով ասում են, որ տոննայի մեջ 50 դոլարով կթանկանա ցորենը, եթե միայն Փոթիով գա: Մենք եղբայրական պետություններ ենք, և ես կարծում եմ, որ Հայաստան-Վրաստան բարեկամական խումբը պետք է զբաղվի այս հարցով: Եթե այս որոշումը սեպտեմբերի 15-ին ուժի մեջ մտնի, մենք լուրջ խնդիր կարող ենք ունենալ: Հացն առանց այդ էլ թանկացել է Ռուսաստանում ցորենի թանկացման հիմքով, իսկ հիմա կարող է կրկին թանկանալ՝ արդեն Վրաստանում բեռնատարներով ցորենի տեղափոխումն արգելելու հիմքով: Ես կոչ եմ անում կապվել Վրաստանի մեր գործընկերների հետ և փորձել խնդիրը կարգավորել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Մարուքյանը:

Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ մինչև սեպտեմբերի 15-ը պաշտոնական այց են ունենալու Վրաստան: «Պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Խորհրդարանը, իհարկե, իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի, սակայն, կարծում եմ, որ այստեղ ավելի շատ անելիք ունի մեր հարգարժան կառավարությունը»,- ասաց Շարմազանովը:

Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանն ընդգծեց, որ Վրաստանի կառավարության որոշմամբ այդ երկրի տարածքում ևս արգելվելու է բեռնատարներով ցորենի փոխադրումը, ինչի հետևանքով Վրաստանում էլ բեռնափոխադրողները խնդիրների առաջ են կանգնել: «Վրաստանում էլ, փաստորեն, հացահատիկը մեկ տոննայի մեջ 40 դոլարով թանկանում է: Ստացվում է, որ այնտեղ էլ անհասկանալի իրավիճակ է առաջացել: Ես խոսել եմ Վրաստանի խորհրդարանում իմ գործընկերների հետ, առաջիկա նիստի ընթացքում այդ հարցը բարձրացվելու է, և փորձելու են բացատրություն ստանալ Վրաստանի կառավարությունից, թե ինչու են այսպիսի որոշում կայացրել, որը թե Վրաստանի, թե Հայաստանի բեռնափոխադրողների համար այդքան մեծ խնդիր է առաջացրել»,- մանրամասնեց Թորոսյանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին շնորհակալություն հայտնեց կարևոր հարց բարձրացնելու համար՝ վստահություն հայտնելով, որ կառավարությունն անմիջապես կարձագանքի խնդրին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am