Պենտագոնի ղեկավարը գտնում է, որ իրանական զորքերը Սիրիայում գտնվելու հիմք չունեն

Armenpress 20:54, 28 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը կարծում է, որ իրանական զորքերը Սիրիայում գտնվելու հիմք չունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով օգոստոսի 28-ին Պենտագոնում լրագրողների հետ զրույցում նախարարի արած հայտարարությունը:

«Առաջին հերթին պետք է դիտարկել այն հարցը, թե ի՞նչ է անում Իրանը Սիրիայում` աջակցելով այն մարդուն, ով քաոս է մտցրել երկրում և սպանել սեփական ժողովրդին: Նրանք այնտեղ գտնվելու հիմքեր չունեն»,- ասել է Մեթիսը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ի նպատակը Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ժնևյան գործընթացի ակտիվացումն է: «Որպեսզի սիրիացիները կարողանան ձևավորել նոր կառավարություն, որի գլխին չի լինի Ասադը, և տալ նրանց ապագայի հնարավորություն, որից իրենց զրկել է նա»,- ասել է նախարարը:

Նախորդ շաբաթվա ընթացքում ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտնել էր, որ Իրանը Սիրիայում գտնվում է օրինական իշխանության հրավերով, բայց այդ հարցում աշխատելու շատ տեղ կա: Նա հավելել է, որ այս հարցը քննարկվում է ամերիկյան կողմի հետ, և հիշեցրել, որ Ռուսաստանը Իրանի հետ Սիրիայի հարցով աշխատում է աստանական ձևաչափով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am