Եվրոպայի չեմպիոնի կոչումը քայլ առ քայլ նվաճված տիտղոս էր. Էդգար Ստեփանյան  

Armenpress 14:44, 28 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ուժեղագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը համարում է քայլ առ քայլ նվաճված արդյունք:

«Իրոք, դժվար պայքար էր ծավալվել Եվրոպայի մինև 23 տարեկանների այս առաջնությունում: Առաջնությանը մասնակցում էին մեծահասակների Եվրոպայի գործող չեմպիոնները ևս: Այս հաջողությանը մոտեցել եմ քայլ առ քայլ: Ներքին վստահություն ունեի, որ կարող էի լավ հանդես գալ: Այժմ հեծանվային աշխարհում հաջողության հասնելն առավել բարդ է դարձել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ստեփանյանը:

Խոսելով բուն մրցման մասին՝ Ստեփանյանը փաստեց, որ հենց մեկնարկից ինքը պայքարում էր մեդալների համար: «Երբ մնացել էր 80 շրջան, կարողացա բոլորից առաջ անցնել և միավորներ հավաքել, ինչն էլ օգնեց հետագա հաղթանակիս: Մրցավազքի վերջնամասում մեծ առավելությամբ կարողացա հաղթել երկրորդ տեղում ընթացող մարզիկին»,-շեշտեց Եվրոպայի նորընծա չեմպիոնը:

Անդրադառնալով մրցակիցներին` հայ հեծանվորդը փաստեց, որ բոլոր մրցակիցները պրոֆեսիոնալներ են, և մրցակցությունն արժանի հակառակորդների միջև է ընթանում, սակայն, ի տարբերություն մյուս մարզիկների, ինքն ավելի քիչ մրցաշարերի է մասնակցում և քիչ փորձ ունի:

«Հիմա առաջնայինն ինձ համար 2019 թվականին կայանալիք Եվրոպական խաղերն են: Այդ խաղերին մասնակցության 90-տոկոսանոց հնարավորություն ունեմ»,-ասաց նա:

Այնուհետև Էդգար Ստեփանյանը կմասնակցի մի քանի միջազգային մրցաշարերի, ինչպես նաև հնարավոր է, որ մասնակցի աշխարհի գավաթի խաղարկության փուլին:

Վարվառա Հայրապետյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am