Գերմանիան շահագրգռված է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ

Armenpress 12:34, 28 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան շահագրգռված է մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմամբ և պատրաստ է քաղաքական պատասխանատվություն ստանձնել այս հարցում:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 28-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

«Գերմանիայի կանցլերը Հայաստան կատարած այցի ընթացքում ևս մեկ անգամ վերահաստատել է, որ իրենք հանձնառու են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նա շեշտել է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա այն մթնոլորտում, որ բոլոր կողմերը պատրաստ լինեն դրան: Մերկելը նաև նշել է, որ իրենք պատրաստ են քաղաքական պատասխանատվություն ստանձնել այս հարցում»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով` Մերկելը Արցախյան խնդրին անդրադարձել է նաև Բաքվում:

«Բաքվում խոսելով այս հարցի շուրջ՝ Մերկելը նշել է, որ հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրներին պետք է իրական լուծումներ տրվեն»,- ասաց Աննա Նաղդալյանը:

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան: Այցի ընթացքում կանցլերը հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետի և նախագահի հետ:

Օգոստոսի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Մերկելն ու Փաշինյանը հայտնեցին, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցեր:

Հայաստան կատարած այցից հետո Գերմանիայի կանցլերն ուղևորվել է Ադրբեջան:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am