#CultTalk. «Աշխարհի լավագույն Նորմա» Հասմիկ Պապյանը Մոնակո մեկնելուց առաջ համերգ կունենա հայրենիքում  


ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Washington Post-ի կողմից «Աշխարհի լավագույն Նորմա» ճանաչված Հասմիկ Պապյանը վերադառնում է Մոնակո, իսկ մինչ այդ համերգով հանդես է գալու Երևանում: Օգոստոսի 30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա սիրված սոպրանոյի համերգը, որին հանդես կգա նաև Էլլա Մելիք-Հուսյանը (դաշնամուր): Այս և առաջիկա այլ ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է օպերային անզուգական աստղի՝ Հասմիկ Պապյանի հետ:

Գերմանական վոկալ երաժշտության երեկո

Օգոստոսի 30-ին տեղի է ունենալու գերմանական վոկալ երաժշտության երեկո, հնչելու են Շումանի «Կնոջ սերը և կյանքը» վոկալ շարքը, Շուբերտի երկու հայտնի երգերը՝ «Փոքրիկ Մարգարիտան ճախարակի մոտ» և «Երգ ջրերի վրա», Առնոլդ Շյոնբերգի Brettl Lieder (Կաբարեի երգեր) գործերը:

Գերմանական վոկալ երաժշտությունն ունի շատ հարուստ ավանդույթներ: Կարծում եմ, որ մեր բուռն համացանցային ժամանակներում անչափ կարևոր են այսպիսի կամերային, «մտերմիկ» ձևաչափով շփումները հանդիսատեսի և կատարողի միջև, այն էլ այս տեսակ բարձրաճաշակ և, իհարկե, նախապես որոշ պատրաստվածություն պահանջող երաժշտության հետ:

Վերադարձ Մոնակո

Սեպտեմբերի 2-ին և 3-ին Մոնակոյում տեղի են ունենալու հայկական մշակույթի օրեր: Բացումը լինելու է տեղի օպերային թատրոնում անցկացվելիք համերգով, որին ես մասնակցելու եմ հայտնի դաշնակահարուհի Նարե Արղամանյանի հետ:

Այն բարեգործական է լինելու: Ես մշտապես առիթը բաց չեմ թողնում իմ՝ հատկապես մասնագիտական կարողություններով բարեգործություն անելու առիթները: Ավելացնեմ նաև, որ ուրախ եմ, որ Հայաստանը այսպիսի գեղեցիկ ձևաչափով առաջին անգամ հանդես կգա Մոնակոյում:

Հանդիպում Մոնակոյի իշխանի հետ

Տարիներ առաջ ես առիթ եմ ունեցել հանդես գալու Մոնակոյի օպերային թատրոնում՝ Բելինիի հանրահայտ «Նորմա» օպերայում Նորմայի դերերգով: Առաջնախաղին ներկա էր նաև իշխան Ալբերտը: Ներկայացումից հետո ես հրավիրվեցի ընթրիքի, որի ընթացքում նա անդադար հիացմունքով խոսում էր իր՝ ծագումով հայ հայտնի բարեկամների՝ Շառլ Ազնավուրի, Շերի, Անդրե Աղասու և այլոց մասին: Այնքա՜ն բան գիտեր մեր երկրի անցյալի և պատմության մասին, որ ես անկեղծորեն զարմացա: 

Օպերային երգիչների նոր սերունդ

Այսօր ունենք հրաշալի օպերային երգիչների նոր սերունդ, որոնք զարդարում են համաշխարհային օպերային բեմերը. Վարդուհի Աբրահամյան, Լիանա Հարությունյան, Լիանա Ալեքսանյան, Հրաչուհի Բասենց, Լիպարիտ Ավետիսյան, Հովհաննես Այվազյան... Բոլորին թվել հնարավոր չէ:

Նոր Հասմիկ Պապյան ունենալու մասին

Կունենանք արդյո՞ք նոր Հասմիկ Պապյան... Իհարկե, հնարավոր է, հնարավոր է նաև, որ նա առավել մեծ հաջողությունների հասած, բայց բոլորովին տարբեր արժեքներ կրող և այլ անհատականություն ունեցող երգչուհի լինի: Տեսակի խնդիր է, սովորաբար մարդկային տեսակը գրեթե չի կրկնվում:Մշակութային դաշտի կարևորագույն խնդրի մասին

Մշակութային դաշտի կարևորագույն խնդիրն է մեծ հոգածությամբ ուղղորդել մեր ժողովրդին դեպի ճշմարիտ, ավանդույթներով հարուստ, իրապես բարձր մշակույթը:

Փոփոխություններ՝ հեղափոխությունից հետո

Ինչպես մնացած, այնպես էլ մշակութային դաշտում, իհարկե, ակնկալում եմ փոփոխություններ: Հարկավոր է առավել պետական աջակցություն ցուցաբերել գրողներին, անհատ կատարողներին, նկարիչներին, որոնք հովանավորության կարիք ունեն:

Չէ՞ որ հայ ժողովուրդը ունի բազում տաղանդներ, որոնք ինքնահաստատվելու և կայացման խնդիր ունեն:

Կարոտում եմ Հայաստանը…

Եվրոպայում առաջին հերթին կարոտում եմ հայ մարդուն և, իհարկե, հայրենի հողը՝ իր բոլոր «ընդգրկումներով»…

Առաջիկա ծրագրեր

Շուտով՝ նոյեմբերի 22-ին, Վիեննայում Theater an der Wien-ում մասնակցելու եմ UNICEF-ի գալա-համերգին, հանրահայտ արտիստների հետ, նմանապես բարեգործական նպատակով: Մնացած ծրագրերի մասին՝ հետագայում...

«Արմենպրես» լրատվական գործակալության «#CultTalk. խոսելով մշակույթի մասին» նախագծի հերոսները հայկական մշակույթի ոլորտի ներկայացուցիչներն են, որոնց հետ մենք զրուցում ենք գեղեցիկի, մշակույթի մասին: Նախագծի նպատակն է ևս մեկ անգամ վերարժևորել ժամանակակից մշակույթը. մեր հերոսներն անդրադառնում են իրենց ծրագրերին, գաղափարներին, ներկայացնում իրենց գործունեության ոլորտում առկա խնդիրներն ու հաջողությունները: #CultTalk-ի շրջանակում ձեզ ենք ներկայացնում նաև հարցազրույցներ համաշխարհային աստղերի հետ:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ «Արմենպրես»-ի արխիվից

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am