1000х90.jpg (78 KB)

Հայաստանի հետ հարաբերություններում Գերմանիան պատրաստ է անցում կատարել գործնական քայլերի

Armenpress 19:29, 27 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անգելա Մերկելի` Գերմանիայի կանցլերի պաշտոնում առաջին այցը Հայաստան փաստեց փոխըմբռնման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում  համագործակցության հետագա խորացման  պատրաստակամության մասին:

Հատկանշական է, որ այցը կրում էր հիմնականում ճանաչողական բնույթ և նպատակ էր հետապնդում նոր խթան հաղորդել հարաբերություններին՝ մշակելով օրակարգ, որը կնախատեսի համագործակցության առավել զարգացմանն ուղղված հստակ գործողություններ: Ինչպես Անգելա Մերկելն իր խոսքում նկատեց, «երկուստեք կարևորվեց գործը և հաջողվեց ուղենշել և որոշակիացնել այն բոլոր ոլորտները, կետերը, որտեղ մենք կարող ենք ավելի խորացված համագործակցել միմյանց հետ»:

Խոսքից գործին անցնելու համատեքստում բավական կարևոր էր այն հանգամանքը, որ Հայաստան կատարած այցի ընթացքում Գերմանիայի կանցլերին ուղեկցում էր տնտեսական պատվիրակություն, ինչը նշանակում է, որ  սա կարող է Հայաստանում գերմանական նոր ներդրումների և երկկողմ տնտեսական ծրագրերի նախաձեռման սկիզբ դնել: Թերևս պատահական չէր ՀՀ վարչապետի շեշտադրումն առ այն, որ Հայաստանը պատրաստ է հարթակ լինել գերմանական ընկերությունների համար, որոնք ցանկանում են մուտք գործել ԵԱՏՄ, ինչպես նաև իրանական շուկաներ։

Ինչ վերաբերում է քաղաքական համագործակցությանը, ապա Գերմանիայի կանցլերը մատնանշեց, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումների ֆոնին մեծացել է Գերմանիայի շահագրգռվածությունն` էլ ավելի խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ: Մերկելը վստահեցրեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները երկրում իրականացվող բարեփոխումների հարցում վայելում են Գերմանիայի լիարժեք  աջակցությունը. «Գերմանական կողմը ցանկանում է ձեզ ուղեկից լինել այդ խիզախ փոփոխությունների ճանապարհին և լինել աջակից գործընկեր հայաստանյան հետագա զարգացումների հարցում»:

Քաղաքական համագործակցության տեսանկյունից կարևոր էր նաև հայկական կողմից արված այն շեշտադրումը, որ «Հայաստանի Հանրապետությունն արտաքին քաղաքականութունը որևէ գործընկերոջ հետ չի իրականացնում մեկ այլ գործընկերոջը հակակշռելու նպատակով»:  Իր հերթին, Գերմանիայի կանցլերը նկատեց.  «Հայաստանը կարող է օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն իրականացնել Ռուսաստանի հետ և միաժամանակ լավ համագործակցել Եվրամիության հետ»: Մերկելի նման դիտարկումն, իհարկե, փաստում է այս մասին, որ բազմավեկտոր քաղաքականություն վարելու հարցում ՀՀ-ն վայելում է Գերմանիայի և ընդհանրապես ԵՄ աջակցությունը: Այս համատեքստում կարևոր էր նաև Մերկելի դիտարկումն առ այն, որ Գերմանիան պատրաստակամ  է աջակցել  Հայաստանին նաև Եվրամիության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն արդյունավետ կիրարկելու ճանապարհին:

Կարևոր է անդրադառնալ նաև Ղարաբաղյան հակամարտության հարցում Մերկելի կողմից հնչած շեշտադրումներին` մասնավորապես խնդիրները երկխոսության միջոցով լուծելու կարևորությանը: Մինչդեռ ադրբեջանական կողմի՝ վերջին շրջանում առավել ակտիվացած ագրեսիվ քաղաքականությունը՝ թե′ հայտարարությունների և թե′ գործողությունների մակարդակում, իհարկե, հակասում է Մերկելի կողմից հնչած այս տեսակետին: Գերմանիայի կանցլերն իր խոսքում հայտարարեց, որ իրենք պատրաստ են Ղարաբաղյան հակամարտության հարցում ստանձնել  «քաղաքական պատասխանատվություն»: Գերմանիայի կանցլերի այս հայտարարությունը կարևոր է ադրբեջանական կողմի ագրեսիվ կեցվածքին համարժեք արձագանքելու անհրաժեշտության տեսանկյունից: 

Ամփոփելով` կարող ենք փաստել, որ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման այս փուլում, երբ առկա է  երկկողմ  ըմբռնման բարձր մակարդակ, ստեղծվել են առավել լայն հնարավորություններ՝ նոր թափ հաղորդելու երկկողմ և բազմակողմ հարաբերություններին: 

 Լիանա Հովհաննիսյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am