1000х90.jpg (78 KB)

Պատրաստ եմ սատարել քրիստոնեական արժեքների ու ավանդական ընտանիքի պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին. Էդուարդ Շարմազանով

Armenpress 15:03, 27 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 27-ին ընդունել է Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանին, Հայկ Այվազյանին եւ Կարինե Եսայանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը, ողջունելով նախաձեռնության անդամներին, ընդգծել է ազգային եւ քրիստոնեական արժեքների պահպանության կարեւորությունը: «Այն հոգեւոր մարտահրավերները, որ ծառացած են մեր առջեւ, լուրջ վտանգ են սպառնում ազգային արժեքներին, ինքնության պահպանմանը: Մենք պատրաստ ենք սատարելու քրիստոնեական արժեքների, ավանդական ընտանիքի պաշտպանության ձեր նախաձեռնություններին»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը եւս հաստատել է, որ հայ ժողովրդի քրիստոնեական արժեքներին, աշխարհաճանաչողությանն ու աշխարհընկալմանը, ավանդական ընտանեկան արժեքներին մարտահրավերներ են նետված, որոնց մի մասն այլեւս լրջագույն սպառնալիքներ են: Ըստ Հայկ Նահապետյանի՝ այդ սպառնալիքները չեզոքացնելու վերջնական հարցի լուծումն իրավական համապատասխան ակտերի, օրենքների ամրագրումն է: Նա շնորհակալություն է հայտնել Էդուարդ Շարմազանովին աջակցության համար՝ ընդգծելով, որ վճռական եւ հետեւողական են լինելու: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am