Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների պատասխանատուների հետ


 ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսումնական տարվան ընդառաջ տեղի ունեցող օգոստոսյան խորհրդակցությունների  շրջանակում շարունակվում են  ՀՀ   կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մարզային այցելությունները: Օգոստոսի 25-ին  նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդակցություններ  է անցկացրել  Վայոց Ձորի և Սյունիքի   մարզերի  դպրոցների  պատասխանատուների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, նախարարը  ներկայացրել է 2018-2019  ուսումնական տարվա  հիմնական ուղերձներն  ու փոփոխությունները, հստակեցրել   կրթության ոլորտում    նախարարության որդեգրած   սկզբունքային  մոտեցումները` շեշտելով, որ համակարգի  ապաքաղաքականացումը  և կրթության որակի բարձրացումն առաջնային խնդիրներ են:  Հանդիպումների  ընթացքում քննարկվել են ինչպես կրթության ոլորտի ընդհանուր, այնպես էլ  Վայոց Ձորի և Սյունիքի մարզի առանձնահատկություններով պայմանավորված  հարցեր: 

Նկատի ունենալով, որ երկու մարզում էլ կան սակավաթիվ աշակերտներով փոքր դպրոցներ, որոնք հիմնականում  սահմանամերձ համայնքներում են  գտնվում` նախարար  Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ սահմանամերձ համայնքներում դպրոցների  օպտիմալացում կամ փակումչի լինելու. «Մենք փոքր դպրոցների  զարգացման համար հեռանկարային ենք  համարում համայնքային կենտրոնի վերածվելու մոդելը:  Դպրոցում  կարող են կենտրոնացվել մի  քանի գործառույթներ`  նախակրթարան, դպրոց,գրադարան,  մշակութային կենտրոն:  Սահմանամերձ գյուղում դպրոցը  բնակավայրի պահպանման  հիմնական նախապայմանն է` սա կառավարության համարքաղաքական դիրքորոշում է»,- հայտարարել է ԿԳ նախարարը:

Պատասխանելով տնօրենների հարցերին` նախարարը նաև տեղեկացրել է,  որ վերանայվում է   դպրոցների ֆինանսավորման  բանաձևը և, ըստ այդմ, աշակերտների թվից բացի, կիրառվելու է նաև գործակից` ըստ դասարանների թվի:   Անդրադառնալով  ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը`  Արայիկ Հարությունյանը նշել է, որ հարցը քննարկվում է 2019 թվականի  բյուջետային հայտի  մշակման  համատեքստում:

Խորհրդակցությունների ընթացքում նախարարն անդրադարձել է նաև ավարտական  դասարաններում միասնական ընթացակարգով ավարտական  քննությունների կազմակերպման, մանկավարժների դրույքաչափերի ու տարակարգերի  վերաբերյալ, ինչպես նաև  հրատապ լուծում պահանջող մի շարք հարցերի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am