Ստամբուլում ոստիկանները փորձել են բերման ենթարկել Կարո Փայլանին

Armenpress 13:42, 26 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Գալաթասարայի հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ թուրք ոստիկանները փորձել են բերման ենթարկել հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Շաբաթօրյա մայրերի» բողոքի ակցիային, ի թիվս այլ ընդդիմադիր պատգամավորների, մասնակցում էր նաեւ Կարո Փայլանը:

Նախ ոստիկանները բռնություն գործադրելով հեռացրել են նստացույցի մասնակից կանանց, ապա բերման ենթարկել ակցիայի մյուս մասնակիցներին, որոնք չեն ցանկացել հեռանալ հրապարակից:

Կարո Փայլանը փորձել է պաշտպանել  Հրանտ Դինքի որդի Արատ Դինքին՝ թույլ չտալով նրան բերման ենթարկել: 

 Արատ Դինքի ձերբակալությանը Փայլանի հետ խոչընդոտել են ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորներից Ահմեդ Շըքը, Սերփիլ Քեմալբայը և Հյուդա Քայան։ 

«Ակօս»-ի տվյալներով, ոստիկանները ձերբակալել են ակցիայի 47 մասնակցի, որոնց ավելի ուշ ազատ են արձակել:«Շաբաթօրյա մայրերի» ակցիայի անցկացման համար կազմակերպիչները քաղաքապետարանից թույլտվություն չեն ստացել:

«Շաբաթօրյա մայրերի» ակցիան անցկացվում է 1995-ից ի վեր ամեն շաբաթ օր: Այն  1980-90-ական թվականներին քրդական շարժման՝  կալանավորված,  անհետ կորած կամ քաղաքական սպանությունների զոհ դարձած մասնակիցների մայրերի բողոքի ակցիան է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am