Բեռլին-Բրյուսելի ինքնուրույն քայլերը՝ Հարավային Կովկասում. Շահան Գանտահարյանի հոդվածը


ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հարավային Կովկաս կատարած այցի կապակցությամբ: «Արմենպրես»-ը հոդվածը ներկայացնում է ամբողջությամբ.

«Գերմանիայի վարչապետի այցը Հարաւային Կովկաս արժե դիտարկել տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների ընդհանուր եղելությունների շրջանակներում։

Այս դեպքում կարեւոր հանգամանքն այն է, որ Գերմանիայի վարչապետը ԵՄ-ի դե ֆակտո ղեկավարն է եւ Հարաւային Կովկասում իր կատարած քայլերն ունեն համաեվորպական տարողունակություն։ 

Վաշինգտոն-Մոսկվա պարանաձգային մրցակցությունը վաղուց թափանցել էր տարածշրջան։ Հարաբերությունների ելեւէջներին առընթեր կայուն ընթանում էր մրցակցային կամ ազդեցության գոտի պահպանել-նվաճելու գործողությունները։ Այժմ այդ պարանաձգության խաղի ընթացքում հավելյալ էներգիա ապահովելու փոխկիրառման պահին է, որ Եվրոպայի ղեկավարը ժամանում է Թբիլիսի-Երեւան-Բաքու։ 

Ժամանման վայրերի հաջորդականությունը ունի քաղաքական օրինաչափություն։ Հայտնաբար հաջորդականությունը ճշտվել է՝ Եվրոպա-տվյալ երկիր համարկման հարաբերությունների կարգավիճակային հարաբերությունները նկատի ունենալով։ Այսպես. Թբիլիսի- Բրյուսել կնքվել է ընդլայնված եւ խորը ասոցացման համագործակցության համաձայնագիր, Բրյուսել-Երեւան կնքվել է հատուկ ձեւաչափի հիման վրա տնտեսական նվազ բաղադրիչով համագործակցությանխորը եւ համապարփակ համաձայնագիր, մինչ Բաքվի ուղղությամբ Բրյուսելը հայտարարել է, որ բանակցություններն ավարտել են, սակայն որեւե փաստաթուղթ չի ստորագրվել։ Բրյուսելը ոչ միայն չի ստորագրել, այլ Եւրախորհրդարանը  պայմաններ է առաջ քաշել՝ քննադատելով եվրոպական արժեքներին հակադրվող Բաքվի կիրառած հատկապես ներքին քաղաքականությունը։ 

Տարածաշրջանում Վաշինգտոն-Մոսկվա մրցակցությունում ինքնուրույն դեր վերցնելու միտված Բեռլինի եւ այս դեպքում նաեւ Բրյուսելի քայլերի շարժառիթները լուսաւորում է այն, որ Մերկելը Թբիլիսիում ասել է, որ Գերմանիան չի կարող «ոչ» ասել ՌԴ-ին գազի և նավթի մատակարարման հարցում: 

Նա խոսել է Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին` նշելով, որ դա, իհարկե,  հնարավոր է, սակայն այդ երկրից գազի գնումն ավելի թանկ կնստի Գերմանիայի վրա: Ըստ Մերկելի` ռուսական գազն ամենամատչելին է: 

Այստեղ պարզ տեսքով ասվում է, որ Գերմանիան չի ընդառաջի Մոսկվայի պահանջին՝ ռուսական տնտեսությունը բոյկոտելոււ առումով կամ չի միանա Մոկվայի դեմ Վաշինգտոնի հայտարարած տնտեսական պատերազմին։ 

Բայց, միաժամանակ հակառակ նրան, որ Թբիլիսիում Մերկելը չէր օգտագործել ՌԴ-ի կողմից օկուպացված տարածքներ եզրաբանությունը, ինչ ակնկալում էր Վրաստանի պետությունը, այնուամենայնիւ, հայտարարել էր, որ 10 տարի առաջ ինքը վճռականորեն պահանջել էր դուրս բերել ռուսական զորքը և տասը տարի անց եւս կրկին աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ 

Չմիանալով ՌԴ-ի դեմ Վաշինգտոնի հայտարարած տնտեսական բոյկոտին՝ Եվրոպայի ղեկավարը պահանջում է ռուսական զորքերի դուս բերումը Վրաստանից։ 

Թվում է, որ այս պահանջը գեթ այս պահի դրությամբ դեկլարատիվ բնույթ ունի. տասը տարի առաջ հնչած միեւնույն պահանջը կրկնվում է։ Մինչդեռ ռուսական գազը տասը տարուց ի վեր շարունակում է հոսել դեպի Եվրոպա. եւ գեթ Թբիլիսիում կատարված հայտարարության հիման վրա՝ շարունակելու է հոսել։ 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր»:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am