#ԿինոՇաբթի. «22 մղոն»-ը և 4 նոր ֆիլմեր կհայտնվեն հայկական կինովարձույթում

Armenpress 21:08, 23 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել տվյալ շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Օգոստոսի 23-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 5 նոր ֆիլմեր:

«22 մղոն»

«Ուրվականները» գաղտնի հետախուզական ջոկատ է, որը պաշտոնապես գոյություն չունի։ Նրանք կատարում են առաջադրանքներ, երբ հին մեթոդներն այլևս չեն գործում։ Ջոկատի գործակալը ունի ոչ այդքան հեշտ առաքելություն․ գաղտնի դուրս բերել Ինդոնեզիայից մի ոստիկանի, ով ապացույցներ ունի բարձր պաշտոնյաների կաշառակերության վերաբերյալ։ Փրկարար ինքնաթիռով նրանք պետք է անցնեն 22 վտանգավոր մղոն։

Ռեժիսոր՝ Փիթեր Բերգ, դերերում՝ Մարկ Ուոլբերգ, Ջոն Մալկովիչ, Լորեն Քոհեն և այլք:

«Ալֆա»

20 000 տարի առաջ երկիրը ցուրտ և անհարմար վայր էր: Ամեն քայլափոխին մարդկանց սպառնում էր մահը: Երիտասարդ որսորդը միայնակ հայտնվում է թշնամական աշխարհում, որը լի է մահացու վտանգներով: Նա ստիպված է դեմ առ դեմ նայել իր վախերին և գտնել իր ճանապարհը դեպի տուն: Եվ հնարավոր է, որ ամբողջ մարդկության ճակատագիրը կախված լինի որսորդի ճամփորդության արդյունքից:

Ռեժիսոր՝ Ալբերտ Հյուզ, դերերում՝ Քոդի Սմիթ-Մաքֆի, Նատաշա Մալտե, Լեոնոր Վարելա և այլք:

«Կապույտ Իգուանա»

Մանր հանցագործներ Էդին ու Փոլը դուրս են գալիս բանտից և աշխատանքի անցնում Նյու Յորքի սրճարաններից մեկում: Թվում է, թե առջևում որևէ հետաքրքիր բան չկա: Բայց մի օր սրճարան է գալիս արկածախնդիր Քեթրինը: Նա համոզում է տղաներին ուղևորվել Լոնդոն՝ գողանալու «Կապույտ Իգուանա» ադամանդը:

Ռեժիսոր՝ Հադի Հադջեյգ, դերերում՝ Սեմ Ռոքուել, Բեն Բեն Շվարց, Սայմոն Քելոու և այլք:

«Արտեմիս» հյուրանոցը»

Լոս Անջելեսում յուրաքանչյուր իրեն հարգող հանցագործ բուժօգնություն է ստանում է «Արտեմիս» հյուրանոցում, որտեղ գործում են խիստ օրենքներ: Մի օր հյուրանոցի խաղաղ կյանքը խանգարում են անծանոթ հաճախորդները: 

Ռեժիսոր՝ Դրյու Փիրս, դերերում՝ Ջոդի Ֆոսթեր, Սթերլինգ Կ. Բրաուն, Սոֆիա Բուտելա և այլք:

«Շոու Միստիկո»

1910 թվականի մայիսին երիտասարդ բժիշկ Ֆրեդը սիրահարվում է ակրոբատ Բեատրիսին և ծնողներին դեմ գնալով ամուսնանում է նրա հետ: Ֆրեդը նրա համար կրկես է գնում, որն անվանում է «Գրանդ Միստիկո»: Այս կախարդական պատմությունը հենց այսպես է սկսվում…

Ռեժիսոր՝ Կարլուս Դիեգիս, դերերում՝ Վենսան Կասել, Մարիանա Շիմենես, Նունո Լոպեշ և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am