Մանկության գաղափարն արդեն իրականություն է. Երևանում տեղադրվեց Լևոն Թոքմաջյանի քանդակած հայկական գամփռի արձանը

Armenpress 19:22, 23 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ՝ օգոստոսի 23-ին, ՀՀ մայրաքաղաքի Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում կայացավ հայկական գամփռ ցեղատեսակի շան արձանի բացման արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձանի բացմանը ներկա էին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցի հիմնադրամի վարչության նախագահ Տիգրան Միգդեսյանը, Երևանի Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Մոնտե Կառլոյի բալետի թատրոնի մենապարուհի Վիկտորյա Անանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, արվեստի գործիչներ և այլք:

Քանդակի հեղինակ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը բացման արարողությանը նշեց. «Հայկական գամփռի արձան ստեղծելու գաղափարն ինձ մոտ եղել է դեռ մանկուց, երբ հորս հետ գնում էի սարեր և ես անընդհատ այնտեղ տեսնում էի մի շան՝ Չալո անունով, որը շատ ապահով պահում էր ոչխարի հոտը: Շատ տարիներ են անցել, սակայն մինչ այսօր Չալոյի նվիրվածությունը մնացել էր հոգումս: Եվ հանկարծ Հոլանդիայի հայությունը, «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամն ինձ առաջարկում է քանդակել գամփռի արձանը: Ես շատ մոնումենտալ քանդակներ եմ ունեցել, սակայն այս գամփռ շան կերպարն ստեղծելը յուրահատուկ դժվարություն ուներ: Ես անընդհատ փորձում էի մտաբերել իմ մանկության գամփռին, և այդ կերպարն ինձ հանգիստ չէր տալիս:  Մոտ երկու տարի աշխատել եմ այս շանը քանդակելու համար»:

Նրա խոսքով՝ ինքը, մարդկային կերպար էր տեսնում գամփռի դեմքի վրա, փիլիսոփայական հայացք: Չալոյի արձանը հանձնելով երևանցիներին՝ քանդակագործը հույս հայտնեց, որ քաղաքացիները հոգատարությամբ և սիրով կփայփայեն նրան:

2013 թվականին՝ Ամստերդամում, իր փաստացի գործունեությունն է սկսել «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամը, որը սկզբում եղել է կիրակնօրյա հայկական դպրոց, ապա 2017 թվականին պաշտոնապես ստացել է հիմնադրամի կարգավիճակ: Հենց այս հիմնադրամի աջակցությամբ է տեղադրվել հայկական գամփռի արձանը:

«Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի վարչության պատվավոր նախագահ Վահան Ավագյանը ողջույնի իր խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին այդ գեղեցիկ արարողությանը մասնակից լինելու համար:

«Մի խումբ ազգասեր նվիրյալների ջանքերով՝ մի քանի տարի առաջ,  գամփռ ցեղատեսակը ծագումնաբանությամբ և արտաքին նկարագրով՝ պաշտոնապես, ճանաչվեց բացառապես հայկական: Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, աշխարհում մեզ պատկանող արժեքների ճանաչմանն ու ընդունմանն ուղղված գործում»,- ասաց Ավագյանը և հավելեց, որ նախապես համաձայնեցնելով Երևանի քաղաքապետարանի հետ՝ Ամստերդամի հայ համայնքը որոշել էր Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ նվիրել նոր և բարի ընտանեկան խորհրդանիշ՝ հայկական գամփռի արձան:

Դրամահավաքին մասնակցել են Նիդեռլանդների բազում հայեր, հոլանդացիներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am