«Ելման կետ». նախորդ տասնամյակի ժողովրդագրական պատկերն ու արտագաղթի հետևանքները Հայաստանում

Armenpress 13:24, 23 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կառավարության գործունեության «նախապատրաստական» փուլի ավարտից հետո, որը նշանավորվեց 100 օրվան նվիրված հանրահավաքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության որդեգրած սոցիալ-տնտեսական զարգացման տեսլականը և հիմնական ուղղությունները: Տնտեսության զարգացման նոր հայեցակարգի ներդրմանն ընդառաջ անհրաժեշտ է հստակ սահմանազատել նախորդ իշխանության թողած ժառանգությունը և ամփոփել այն մեկնարկային պայմանները, որոնք բաժին են հասել գործող իշխանության գործունեության «Ելման կետին»:

Հայաստանում ժողովրդագրական ցուցանիշների ուսումնա­սիրու­թյունը ցույց է տալիս, որ նախորդ տասը տարիների միտումները լուրջ մարտահրավերներ են ի հայտ բերել, որոնք կապված են երկրի մշտական բնակչության շարունակական նվազման, աշխատանքային ռեսուրսների կրճատման, բնակչության ծերացման, վերարտադրության մակարդակի նվազման հետ: Հայաստանի մշտական բնակչության թիվը 2017 թվականին 2008-ի համեմատ նվազել է շուրջ 103.9 հազար մարդով կամ 3.4 %-ով, իսկ Հայաստան ժամանածների և մեկնածների բացասական տարբերությունը կազմել է 371.8 հազար մարդ։ Ընդ որում, վերջին տասը տարվա ընթացքում միայն 2012 թվականին է բնակչության թվի ընդհանուր հավելաճ արձանագրվել, իսկ մնացած տարիներին Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակաբար նվազել է։ 

ՀՀ մշտական բնակչության թիվը տարեվերջին, այդ թվում՝ երիտասարդները (հազար մարդ) 2008-2017թթ. 

ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2008 թվականի 3 մլն 76.8 հազար մարդու փոխարեն 2017 թվականին մշտական բնակչությունը Հայաստանում դարձել 2 մլն 972.9 հազար մարդ։ Միևնույն ժամանակ, 2008-2017 թվականներին Հայաստանի մշտական բնակչության տարեկան աճի միջին տեմպը կազմել է -0.4%, ինչը նշանակում է, որ մարդկանց քանակությունը երկրում տարեկան առնվազն 0.4%-ով կրճատվել է։  Ուշադրության է արժանի այն, որ վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչության մեջ նվազման միտում է դրսևորել 15-29 տարեկան երիտասարդների թիվը, որը 2008 թվականի 704.3 հազար մարդու փոխարեն, 2017 թվականին կազմել է 655.9 հազար մարդ։ Ստացվում է, որ արժանապատիվ աշխատանքի փնտրտուքը և իրացման հնարավորությունների բացակայությունը սեփական երկրում երիտասարդներին տարիներ շարունակ ստիպել են բռնել արտագաղթի ճանապարհը։ 

Ընդհանրապես աշխատուժի միգրացիան բավական լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար, որտեղ 2008-2017թթ. ընթացքում դիտարկվել է միգրացիայի բացասական հաշվեմնացորդ։

Սրա արդյունքում զգալիորեն կրճատվել է ընդհանուր աշխատանքային ռեսուրսների թիվը, մասնավորապես՝ 2017 թվականին 2008-ի համեմատ աշխատանքային ռեսուրսները Հայաստանում կրճատվել են շուրջ 334.8 հազար մարդով կամ 14%-ով։ Հատկանշական է, որ նշված տարիների ընթացքում գործազուրկների թվաքանակի նվազումը Հայաստանում պայմանավորված է եղել ոչ թե նոր աշխատատեղերի ստեղծմամբ կամ տնտեսության զարգացմամբ, այլ պարզապես գործազուրկները լքել են երկիրը, ինչի հաշվին կրճատման միտում է ունեցել նաև աղքատության մակարդակը։ Սա ապացուցելու համար պարզապես պետք է հաշվի առնել այն փաստը, որը 2008 թվականի համեմատ 2017 թվականին աշխատանքային ռեսուրսները նվազել են 8.3 %-ով։ 

Աշխատանքային ռեսուրսների թիվը և բնակչության միգրացիայի սալդոն, (հազար մարդ) 2008-2017թթ.

Եթե արտագաղթը դիտարկվի որպես աշխատանքի ներքին շուկայի լարվածությունը թուլացնող գործոն, ապա սոցիալ-տնտեսական զարգացման արդի փուլում բարձր որակավորում ունեցող մասնագետների և բանվորական ներուժի կորուստը տեսանելի ապագայում կարող է հանգեցնել մարդկային կապիտալի չբավարարվող պահանջարկի լուրջ հիմնախնդիրի։ 

Բացի այդ, 2008 թվականի համեմատ 2017 թվականին ծնվածների թիվը Հայաստանում կրճատվել է 8 տոկոսով՝ կազմելով 37699 մարդ, իսկ մահացածների թիվը՝ 0.2%-ով։ Սա բերել է նրան, որ 2006 թվականի 64.8% ծերացման գործակցի փոխարեն, 2016 թվականին ցուցանիշը կազմել է 82.6%։ Իսկ բնական հավելաճի գործակիցը 2017 թվականին 2008 թվականի համեմատ նվազել է մոտ 1%-ային կետով՝ կազմելով՝ 3.5%։ Իսկ արտագաղթի սոցիալական վտանգը ընդգծելու համար նշենք, որ ամուսնալուծությունների քանակը Հայաստանում 2008 թվականի 3031-ի փոխարեն 2017 թվականին կազմել է 3940։ 

Այսպիսով, Հայաստանում նախորդ տասը տարիներին աշխատանքային ռեսուրսների և, հատկապես, վերարտադրողական տարիքի տղամարդկանց ու կանանց քանակի նվազումը հստակ կարելի է պայմանավորել երկրում տարիներ շարունակ արձանագրված միգրացիոն հիմնախնդրով։ Ուղեղների արտահոսքը, մյուս կողմից վտանգել էր նորարար և գիտելիքահեն տնտեսություն ունենալու հայաստանյան հեռանկարները։ ՀՀ բնակչության որակական և քանակական բնութագրիչների վրա ընդհան­րապես, իսկ աշխատանքային ռեսուրսների վրա մասնավորապես, վերջին տարիների արտագաղթի ազդեցության ամբողջ ծավալը գնահատել հնարավոր չէ։ Սակայն դրա արդյունքում երկրում բազմաթիվ սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներ են ի հայտ եկել, որոնք կարող են լուծվել միայն հետևողական քայլերի հաջորդականությամբ։   

Տաթև Վարդանյան

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am