Հանրությունը պետք է զգա, որ ազգային հարստության օգտագործումից ստանում է իրական օգուտներ. Նիկոլ Փաշինյան  

Armenpress 12:10, 23 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը:

 Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, որ հանքարդյունաբերության ոլորտը, հանդի­սա­նալով ՀՀ արդյունաբերության կարևոր ոլորտներից մեկը, դեռևս չունի հստակ քաղաքականություն և ռազմավարություն, որը թույլ կտա ունենալ տեսլական և իրականացնել կոնկրետ գործողություններ ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար:

«Նախատեսվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն, որի մշակման համար նախ անհրաժեշտ է կատարել որոշակի ախտորոշիչ ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների արդյունքում մշակվելիք ռազմավարական փաստաթղթում կտրվեն ոլորտի կայուն զարգացման համար խոչընդոտ հանդիսացող՝ բացահայտված խնդիրների լուծման ուղղությունները և բարեփոխումները ապահովելու համար ֆինանսական գնահատականը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր հանքարդյունաբերությունը մեր երկրի տնտեսական աճի հիմնական լոկոմոտիվն է, և կառավարությունը բազմիցս արձանագրել է, որ տնտեսական աճի այդ մոդելը որևէ կերպ չի կարող ընդունելի համարվել: «Մեր կառավարության կարևոր խնդիրներից է՝ փոխել տնտեսական աճի մոդելը ոչ միայն այն պատճառով, որ խոսքը տվյալ դեպքում վերաբերում է մեր ընդերքի վաճառքին: Այդ ընդերքի վաճառքից գեներացվող գումարների արդյունքում ձևավորված տնտեսական աճը ներառող չէ, այսինքն՝ ՀՀ քաղաքացիներն այդ տնտեսական աճի ազդեցությունն իրենց վրա չեն զգում: Մյուս կողմից՝ մենք պետք  է բոլոր միջոցները ձեռնարկենք հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն սահմանելու համար, հանքարդյունաբերությունն ավելի որակյալ և պատասխանատու դարձնելու համար և այնպիսի շահագործման կանոններ հաստատելու համար, որ հանրությունն իսկապես զգա. ազգային հարստությունն օգտագործվում  է այնպես, որ պետությունն ու հանրությունը ստանում են այնքան օգուտներ, որքան պետք է իրականում ստանան»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am