«Հայ-չինական բարեկամության դպրոց»-ի բացումը պետք է խորհրդանշի մեր երկրների հարաբերության ավելի բարեկամական էջի բացումը. ՀՀ վարչապետ


ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում մասնակցել է «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկաներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի բացման առիթով: Շատ հայտնի ասացվածք կա. քանի լեզու գիտես, այնքան մարդ ես: Չինարենի իմացությունը, առավել ևս այս պարագայում, բացում է հնարավորություն՝ հասու լինելու մարդկության և քաղաքակրթության պատմության մի հսկայական շերտի և ահռելի տեղեկատվության: Եվ ես հույս ունեմ, որ այս դպրոցը կդառնա այն խողովակը, որի միջոցով հայաստանցիները, հայ ժողովուրդն առավել խորությամբ կտեղեկանան այն ահռելի ազդեցության մասին, որ Չինաստանը և չինական քաղաքակրթությունն ունեցել են մարդկության զարգացման վրա: Մեր ժողովուրդը նույնպես գալիս է հազարամյակների խորքից, և իսկապես ես պատմական մեծ իմաստ եմ տեսնում այն փաստի մեջ, որ այսօր Հայաստանի և Չինաստանի պետական դրոշները ծածանվում են կողք կողքի: Սա վկայում է մեր ժողովուրդների՝ մարդկության պատմության համար ունեցած բացառիկ առաքելության մասին:

Ի՞նչն է, որ մոտեցնում է մեր պետությունները և մեր ժողովուրդներին: Ի վերջո, եթե նայենք քարտեզին, մեր երկրները բավական հեռու են գտնվում իրարից, նույնիսկ ժամանակակից աշխարհի տրամաբանությամբ, որը հիմա չափազանց փոքրացել է: Մեզ մոտեցնում է ռազմավարական մտածողությունը, որովհետև ժամանակակից աշխարհում ժամանակակից մտածողությունը, ռազմավարական մտածողությունն ի ցույց է դնում, որ Հայաստանը և Չինաստանն ունեն ընդհանուր բազմաթիվ հետաքրքրություններ, և այդ բազմաթիվ հետաքրքրությունների մեջ բազմաթիվներն ունեն ռազմավարական նշանակություն: Ուրախ եմ արձանագրել, որ անկախության առաջին օրերից ի վեր հայ-չինական հարաբերությունները զարգացել են դրական մթնոլորտում, և այս նորակառույց հիմքից նորակառույց դպրոցի բացումը պիտի խորհրդանշի մեր երկրների հարաբերության նոր՝ ավելի արդյունավետ, ավելի սերտ, ավելի բարեկամական էջի բացումը:

Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Չինաստանի կառավարությանը, Չինաստանի ժողովրդին, Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին՝ մեր հարաբերությունների այսպիսի դրական մթնոլորտի ձևավորման համար: Մեր հանրապետության փողոցներով երթևեկում են Չինաստանի դրոշներով ավտոբուսներ, շտապօգնության կարիք ունեցող մարդկանց օգնության են շտապում Չինաստանի դրոշով շտապօգնության մեքենաներ, և հայ ժողովուրդը չափազանց բարձր է գնահատում այդ աջակցությունը:

Ինչ վերաբերում է հայ-չինական բարեկամության դպրոցին, դրա գոյությունը լիովին տեղավորվում է մեր կառավարության ունեցած պատկերացումների շրջանակում, որովհետև մենք Հայաստանը պատկերացնում ենք որպես բարձր ինտելեկտուալ հասարակություն, հանրություն ունեցող երկիր, որտեղ 2-3 լեզու իմանալը սովորական և առօրյա երևույթ է: Ուրախ եմ արձանագրել, որ հիմա արդեն չինարենի ներկայությունը Հայաստանում ոչ միայն քաղաքակրթական, այլև տնտեսական անհրաժեշտություն է, որովհետև մենք ամեն տարվա հետ Հայաստանում տեսնում ենք ավելի ու ավելի շատ չինացի զբոսաշրջիկներ և հիմա՝ այս նոր ժամանակաշրջանում, տեսնում ենք չինացի բիզնեսմենների, ներդրողների առանձնակի հետաքրքությունը Հայաստանի նկատմամբ: Եվ, ուրեմն, այս դպրոցի բացումը մարմնավորումն է այն լավատեսության, որ մենք ունենք Հայաստանի ապագայի, հայ–չինական հարաբերությունների, մեր տարածաշրջանի և աշխարհի վերաբերյալ: Եվ ուրեմն, կեցցե′ն հայ-չինական հարաբերությունները, կեցցե′ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, կեցցե′ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե′ն կրթությունն ու իմացությունը»:

ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Էրլունն էլ իր խոսքում նշել է, որ այս օրը հիշարժան է հայ-չինական երկկողմ հարաբերությունների պատմության մեջ. բարեհաջող ավարտվել են Չինաստանի անհատույց օժանդակությամբ «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ի կառուցման աշխատանքները, և արդյունքում Երևանում բացվել է ժամանակակից մի դպրոց: «Ես և իմ գործընկերները բազմիցս այցելել ենք շինհրապարակ և ականատես եղել, թե ինչպես են չինացի աշխատողներն օր ու գիշեր աշխատում: Նրանք կառուցում էին այնպես, ասես դա իրենց սեփական տունն էր և ձգտում էին բարեկամ հայ ժողովրդի համար կառուցել ընկերության շենք և սիրո կամուրջ», - ասել է նա՝ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ծրագրի իրականացման գործում ներգրավված բոլոր կողմերին: «Վարչապետ Փաշինյանի ներկայությունը դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը լիովին ցուցադրում է Հայաստանի կառավարության մեծ ուշադրությունը կրթության զարգացմանը և հայ-չինական բարեկամական համագործակցությանը: Հուսով եմ և հավատում եմ, որ այս դպրոցը կվերածվի հայ-չինական ավանդական բարեկամության խորհրդանիշի, հայազգի  չինագետների և հայ-չինական բարեկամության ուղերձ տարածողների կրթող օրրանի», - ընդգծել է դեսպան Թիան Էրլունը:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված պայմաններին, դասարանների և լսարանների տեխնիկական հագեցվածությանը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը ստորագրել են «Հայ-չինական բարեկամության դպրոցի բացման պատվավոր հյուր» հավաստագրեր և փոխանակվել դրանցով:

«Հայ-չինական բարեկամության դպրոց»-ում իրականացվելու են ՀՀ պետական հանրակրթական ծրագրեր: 405 աշակերտի համար նախատեսված կրթօջախը գործելու է վարժարանի մոդելով, ունենալու է 27 դասարան. ուսուցման լեզուն հայերենն է, կգործեն 5-12-րդ դասարաններ, և բոլոր դասարաններում կիրականացվի շաբաթական 3 դասաժամ չինարենի խորացված ուսուցում: Չինարենի ուսուցիչները հրավիրվելու են ՉԺՀ-ից, 450 դասագրքերը տրամադրվելու են չինական կողմի աջակցությամբ:

Հայ-չինական բացառիկ կրթական նախագծի ընդհանուր արժեքն ավելի քան 12 մլն ԱՄՆ դոլար է, որը ներառում է շինարարական աշխատանքներն ու կահավորումը: Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 14 հասցեում կառուցված նոր դպրոցը զբաղեցնում է 14000 քմ տարածք: Կրթական մասնաշենքերի  (ուսումնական, հանրակացարանային և մարզադահլիճ) ընդհանուր մակերեսը կազմում է 8000 քմ: Դպրոցն ապահովված է լաբորատորիաներով, լեզվի ուսուցման կաբինետներով, գրադարանով, համակարգչային լսարաններով, պարասրահով, մշակութային կենտրոնով, մարզադահլիճով: Հայ-չինական բարեկամության դպրոցում կգործի նաև Չինաստանի թանգարան:

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am