Ոստիկանությունը շարունակելու է պայքարել գիշերային ժամերին քաղաքացիների հանգիստը խախտողների դեմ

Armenpress 18:37, 21 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կշարունակի պայքարը գիշերը քաղաքացիների անդորրը խախտողների դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

«Ժամը 23:00-ից հետո քաղաքացիների անդորրը խախտողների հարցը՝ հրավառությունները, գիշերային ակումբների աղմուկը, մշտապես եղել և մնում է ոստիկանության ուշադրության կենտրոնում»,- նշեց ՀՀ ոստիկանապետը:

Վալերի Օսիպյանը պատրաստ է շարունակել անողոք պայքարը քաղաքացիների գիշերը անդորրը խախտողների դեմ: «Կա մի խնդիր. երբ ոստիկանները մոտենում են տվյալ ժամանցի կետին, որտեղից բողոք է եղել, որ աղմուկը խանգարում է բնակիչներին՝ երաժշտության ձայնն անմիջապես իջեցվել է, ապա, հեռանալուն պես՝ կրկին բարձրացվել»,- ընդգծեց ՀՀ ոստիկանապետը:

Օսիպյանը հավաստիացրեց, որ ոստիկանությունը կշարունակի աշխատել այս ուղղությամբ, սակայն քաղաքացիներից նույնպես ակտիվ մասնակցություն խնդրեց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am