Քննարկվել են Երևանի հասարակական տրանսպորտի նոր համակարգի հիմնական չափորոշիչները

Armenpress 17:25, 21 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 21-ին կայացել է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի նիստը, որի ընթացքում խմբի անդամներին է ներկայացվել հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի վերանայված տարբերակը, ինչպես նաև ցանցի տարբերակների համեմատական ցուցանիշները, որի հիման վրա խորհրդատուին հանձնարարվել է վերջնականացնել ցանցը և ներկայացնել վերջնական հաշվետվություն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում քննարկվել են ցանցի սպասարկման հիմնական չափորոշիչները, որոնք վերաբերում են շարժակազմին, կառավարման և վերահսկման մեխանիզմներին, համակարգի շահագործմանն ու սպասարկմանը։ 

«Նախագծված երթուղային ցանցի արդյունավետությունը կիրառական նշանակություն է ստանում տրանսպորտային համակարգի բաղադրիչների և կառավարման արդյունավետ մոդելի դեպքում միայն։ Մեր կողմից մշակված ցանցի կառավարման մոդելը ցանցի արդյունավետ գործարկման, սպասարման և վերահսկման գրավականն է։ Ցանցի սպասարկման համար ուսումնասիրել ենք եվրոպական, ռուսական, բելառուսական և չինական արտադրող ընկերությունների կողմից առաջարկվող դիզելային վառելիքով, սեղմված բնական գազով աշխատող և էլեկտրական ավտոբուսների մոդելներ, առաջարկել ենք ցանցի սպասարկման հիմնական չափորոշիչները», - նշել է աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։ 

Ներկայացված չափորոշիչների համաձայն բոլոր ավտոբուսները հարմարեցված են լինելու անվասայլակներով տեղաշարժվելու համար, սրահներում գործելու է հովացման և ջեռուցման համակարգ, ինչպես նաև լինելու են կանգառների ազդարարման լուսային ու ձայնային տարբերակներ։ Ավտոբուսներում տեղադրված են լինելու տոմսերը կարդացող վալիդատոր սարքեր և անցակետեր՝ առջևի դռների մոտ։ Ավտոբուսում գործելու է նաև տեսահսկման համակարգ՝ կարգապահությունը վերահսկելու նպատակով։ Վարորդներն աշխատելու են հերթափոխով և համապատասխանելու են հստակ մասնագիտական չափորոշիչների։ Ինչպես նշեց Վահե Նիկոյանը, մասնագիտական աշխատանքային խմբի կողմից չափորոշիչների հաստատումից հետո հնարավոր կլինի կատարել ֆինանսական հաշվարկներ և անցնել բարեփոխման իրականացման հաջորդ փուլերին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am