Քոչարյանի ասուլիսը տապալելու վերաբերյալ ոչ մի բողոք ոստիկանությունը չի ստացել

Armenpress 15:42, 21 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տապալված մամուլի ասուլիսի վերաբերյալ ոստիկանությունը որևէ պահանջ կամ դիմում չի ստացել, որպեսզի դրան ընթացք տար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նրա խոսքով՝ ոստիկանության տրամադրության տակ եղած լուսանկարներն ու տեսանյութը խոսում են այն մասին, որ անօրինական ոչինչ տեղի չի ունեցել։

Յուրաքանչյուր քաղաքացի իր կամքն արտահայտելու իրավունք ունի, ցանկացած վայրում օրենքի սահմաններում կարող է բողոքի ակցիաներ, հավաքներ իրականացնել: Այս ամենը չի նշանակում, որ բոլորը կարող են անել ինչ ցանկանան՝ իմ հայտարարությունը մեջբերելով»,–հայտարարել է Օսիպյանը։

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, որը նախատեսված էր օգոստոսի 14-ին ժամը 12:00-ին, տեղի չի ունեցել: Ասուլիսի մեկնարկից առաջ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշման դեմ բողոքող քաղաքացիները ներխուժել էին «Էրեբունի պլազա» հյուրանոցի մամուլի սրահ, որտեղ պետք է կայանար Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը: 

Բողոքի ակցիայի մասնակիցները որոշ ժամանակ մնացել էին սրահում, այնուհետև հայտարարել, որ իրենք նպատակ ունեին տապալել ասուլիսը, ինչը հաջողվել է: Նրանք լքել էին սրահը և քննարկումների արդյունքում որոշում էին կայացրել երթով շարժվել դեպի գլխավոր դատախազության շենք: 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am