Խնձորեսկի խմելու ջրի խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են

Armenpress 17:39, 20 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնձորեսկի խմելու ջրի խնդրի լուծման հարցը Գորիսի համայնքապետարանի ուշադրության կենտրոնում է: Բնակավայրի խմելու ջրի արտաքին ցանցի վթարի վերացման ուղղությամբ համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարարականով աշխատանքները մեկնարկել են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը,  արդեն փոխվել է արտաքին ցանցի 750 գծամետր խողովակաշարը, որի արդյունքում հաջողվել է վերացնել 15- 20% ջրի կորուստները ցանցում:

Սկսված են նաև աղբյուրների ուսումնասիրման և կապտաժների նախագծման աշխատանքները: Գոյություն ունեցող կապտաժի շրջակայքում նախատեսվում է կառուցել ևս երկուսը, որոնց շնորհիվ նախատեսվում է կրկնակի անգամ ավելացնել գյուղ մտնող ջրի քանակը: Կապտաժների հատվածներում իրականացվել են նաև ջրի որակի ստուգման աշխատանքներ, որոնց արդյունքում պարզվել է, որ որոշակի շեղումներ կան և պետք է ջրի որակի բարելավման ուղղությամբ ևս աշխատանքներ տարվեն: Ջրամատակարման ռեժիմը և ջրի ծավալը կարգավորելու նպատակով՝ անհրաժեշտ է կառուցել նաև օրվա կարգավորիչ ջրամբար: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am