Անհայտ անձինք կոտրել են «Էխո Մոսկվի» ռադիոընկերության «Յութուբ»-ի էջը

Armenpress 17:00, 18 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք կոտրել են «Էխո Մոսկվի» ռադիոընկերության յութուբյան էջը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 18-ին ռադիոընկերության գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հայտնել է ՏԱՍՍ գործակալությանը:

«Այսօր, ժամը 13:52-ին անհայտ անձինք կոտրել են «Էխո Մոսկվի»-ի «Յութուբ»-ի ալիքի գաղտնաբառն ու ոչնչացրել են այն: Մենք 200 հազար հետևորդ ունեինք: Շատ շուտով մենք կվերադառնանք»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Վենեդիկտովը:

«Էխո Մոսկվի»-ի բոլոր հեռարձակումները ժամանակավորապես տեղափոխվել են «Էխո Օբշչեստվո» ալիք:

«Ես սա որպես խուլիգանություն եմ որակում: Տեղեկատվություն հաղորդող ալիքները կասեցնել հնարավոր չէ. դրանք վերականգնվում են: Մենք արդեն դիմել ենք «Գուգլ»-ին՝ օգնության համար, որպեսզի իրենք վերականգնեն մեր գաղտնաբառը»,- ասել է Ալեքսեյ Վենեդիկտովը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am