Ջենովայում կամրջի փլուզումից զոհերի թիվը հասել է 41-ի

Armenpress 13:01, 18 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Ջենովա քաղաքում կամրջի փլուզումից զոհվածների թիվը հասել է 41-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՆՍԱ գործակալությանը:

Գործակալության փոխանցմամբ՝ փրկարարները փլատակների տակ մեքենա են հայտնաբերել, որում ընտանիք է եղել: Ավելի վաղ հայտնել են, որ աղետի հետևանքով զոհվել է 38 մարդ:

Մորանդի կամրջի փլուզման հետևանքով զոհվածների հուղարկավորությունը տեղի է ունենում Ջենովայում: Վերջին հրաժեշտի համար ընտրվել է Լիգուրիայի կենտրոնական Սբ Լավրենտիոս տաճարը:

Բացի այդ, օգոստոսի 18-ին Իտալիայում համընդհանուր սուգ է հայտարարված: Սգո արարողության մասնակցելու համար Ջենովա է ժամանել Իտալիայի ղեկավարությունը՝ նախագահ Սերժիո Մատարելան, խորհրդարանի երկու պալատների ղեկավարները, վարչապետ Ջուզեպե Կոնտեն, կառավարման մարմինների, արվեստի, մշակույթի և այլ ոլորտների ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ: Հռոմի կաթոլիկ եկեղեցին ներկայացնում է Ջենովայի կարդինալ, արքեպիսկոպոս Անժելո Բանյասկոն:

Օգոստոսի 14-ի առավոտյան Ջենովա քաղաքի մոտակայքում փլուզվել է A10 մայրուղու կամրջի հատվածը: Աղետի պահին կամրջի վրա եղել է 30 մարդատար և 3 բեռնատար ավտոմեքենա: Փրկարարները փնտրում են 5 անհետ կորածներին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am