1000х90.jpg (78 KB)

Մարտի 1-ի գործը բացահայտված է, և դրա շրջանակում բոլոր պատասխանատուները պատժվելու են. Նիկոլ Փաշինյան

Armenpress 21:54, 17 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ Մարտի 1-ի քրեական գործն, ըստ էության, բացահայտված է, և այս գործով բոլոր պատասխանատուները պատժվելու են օրենքի սահմաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լսել եմ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները, որոնք հնչել են նրա հարցազրույցներում։ Հայտնի դարձած տեղեկատվության իմ մեկնաբանությունը հետևյալն է. Մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է», - հայտարարեց վարչապետը։ Փաշինյանը նշեց, որ այս գործով բոլոր պատասխանատուները պատժվելու են օրենքի սահմաններում, և Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հալածյալներ չեն լինելու:

 «Չկա տարբերակ, որ ոճրագործներից ու պարագլուխներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից», -հայտարարեց նա։

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին կալանավորման որոշումը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 13-ին բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am