1000х90.jpg (78 KB)

Ոստիկանները բացահայտել են Հրազդանի կիրճում կատարված կողոպուտը

Armenpress 21:13, 17 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանները բացահայտել են Հրազդանի կիրճում կատարված կողոպուտը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օգոստոսի 12-ի գիշերը ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Հրազդանի կիրճում գտնվող հյուրանոցի մոտ մեկն իրեն հարվածել և գողացել է պայուսակը:

24-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց՝ «ուղեղի ցնցում՝ հարցականով և դեմքի քերծվածքներ» ախտորոշմամբ: 

Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներին նա մանրամասնել է դեպքը. գիշերվա մեկի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ կային քարտեր և գումար: Ինքը հետապնդել է կողոպտիչին, սակայն նա ձեռքերով հարվածներ է հասցրել քաղաքացուն ու դիմել փախուստի: 

Իրավապահների աշխատանքը արդյունք տվեց դեպքից չորս օր անց: Իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ Կենտրոնականի քրեական հետախույզները Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Միքայել Մաթևոսյանին: Նա տվել է խոստովանական բացատրություն: 

Ձեռնարկվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am