Ոստիկանության պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպանին

Armenpress 20:36, 17 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 17-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և ԱՄԷ դեսպանության ու իրավապահ մարմինների համագործակցությունն ու համոզմունք հայտնեց, որ գործընկերությունն ավելի կխորանա՝ ի շահ հանցավորության դեմ երկու երկրների իրավապահների համատեղ պայքարի:

Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորեց Հայաստանում հասարակական կարգի ապահովմանն ուղղված ոստիկանության ջանքերը, ինչը գնահատելի է, մասնավորապես, զբոսաշրջության զարգացման համատեսքստում:

Դեսպանը փոխանցեց նաև հայրենակիցների գոհունակությունը՝ նշելով, որ Միացյալ Էմիրություններից Հայաստան զբոսաշրջիկների տսրեցտարի աճող հոսքի պայմաններում միշտ նրանցից դրական գնահատականներ է լսել Հայաստանի ոստիկանության աշխատանքի և երկրում հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունների մասին:

Կողմերը անդրադարձան նաև տեղեկատվության փոխանակման, իրավապահների փոխադարձ այցելությունների և հետախուզվողների հետ կապված խնդիրներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am