Այրվածք ստացած հայ երեխան Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

Armenpress 18:50, 17 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ առողջապահության նախարարությունը Վրաստանում ՀՀ դեսպանության հետ համատեղ հրատապ կազմակերպել է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Բոլնիս-Խաչեն գյուղում բնակվող ՀՀ քաղաքացի Ա.Ս.-ի  (ծնված` 2011թ.) տեղափոխումը Հայաստան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  առողջապահության նախարարությունից, երեխան ունի լուրջ այրվածքներ` մարմնի շուրջ 40 տոկոսը, որոնք ստացել է բենզինի հետ խաղալիս բռնկված կրակի հետևանքով: Առաջին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերվել է Թբիլիսիում, ապա երեխայի ծնողները գերադասել են հետագա բուժումը կազմակերպել Հայաստանում: Երեխայի տեղափոխումը հնարավոր է եղել բացառապես շտապօգնության մեքենաներով, ինչը և կազմակերպվել է համատեղ ուժերով:

Երեխայի հետագա բուժումը կկազմակերպվի Երևանում` Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am