Ավետիք Էլոյանն ընդունել է «Քաղաքաշինարարներ առանց սահմանների» կազմակերպության նախագահին

Armenpress 18:13, 17 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը և Կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն այսօր ընդունել են ֆրանսիական «Քաղաքաշինարարներ առանց սահմանների» կազմակերպության նախագահ Մագի Քազալին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, տիկին Քազալը ներկայացրել է 2004 թվականից գործունեություն ծավալող ընկերության նպատակներն ու խնդիրները: Կազմակերպության գործունեությունը ծավալվում է հիմնականում մատչելի բնակարանների, քաղաքային ու գյուղական բնակավայրերի կայուն զարգացման, ռազմավարական ծրագրման և քաղաքաշինական այլ հարցերի շուրջ: Կազմակերպության ղեկավարը ցանկություն է հայտնել Քաղաքաշինության կոմիտեի հետ համագործակցել և հեռահար ծրագրեր իրականացնել, հատկապես կարևորելով քաղաքների ռազմավարական պլանավորման ու գյուղական համայնքների կայուն զարգացման ուղղությունը:

Պարոն Էլոյանը բարձր գնահատելով Մագի Քազալի ղեկավարած կազմակերպության ծավալած գործունեությունը և ողջունելով համագործակցության առաջարկը, պատրաստակամություն է հայտնել առաջիկայում կրկին հանդիպելու և քննարկելու հետագա զարգացման ծրագրեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am