Հայաստանի ՀՆԱ-ն 2-րդ եռամսյակում 21,7% աճ է գրանցել

Armenpress 18:15, 17 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2018թ-ի ապրիլ-հունիս ամիսներին առաջին եռամսյակի համեմատ գրանցել է 21,7% աճ, իսկ ընդհանուր առմամբ 2018-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված աճը կազմել է 7,2%:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Վիճակագրական կոմիտեից՝ նախնական ցուցանիշների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 2,5 տրլն դրամ կամ մոտ 5,1 մլրդ դոլար: Համեմատության համար նշենք, որ 2017թ-ի առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 2,2 տրլն դրամ կամ 4,5 մլրդ դոլար:

Կիսամյակային ՀՆԱ-ի կառուցվածքում մշակող արդյունաբերությանը բաժին է ընկնում 11%-ը կամ 282,3 մլրդ դրամ, առևտրին՝ ևս մոտ 11%-ը կամ 276,6 մլրդ դրամ, անշարժ գույքի հետ կապված գործունեությանը՝ 10% կամ 240,3 մլրդ դրամ, գյուղատնտեսությանը՝ 9% կամ 229,3 մլրդ դրամ:

Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկի գնահատականներով՝ 2018թ-ի ընթացքում ՀՆԱ աճը կազմելու է 4,5-6,5%, իսկ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ 4,1%:  

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am