ՀՅԴ-ն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու դեպքում կներկայանա ուժեղ թիմով

Armenpress 16:19, 17 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն ամենայն հավանականությամբ կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը:

«Քանի որ ընդամենը երեկ Կառավարության նիստով ամրագրվեց Երևանի ավագանու լիազորությունների դադարեցումը և առաջիկա ընտրությունների հայտարարումը, մեր Գերագույն մարմինն առաջիկայում կկայացնի որոշում, և, ամենայն  հավանականությամբ, կմասնակցենք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին»,- ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավորը:

Պատգամավորի խոսքով` իրենց կուսակցությունը ընտրություններին մասնակցելու դեպքում կներկայանա ուժեղ թիմով:

«Մասնակցելու ենք միայն հաղթելու համար, մենք ներկայացնելու ենք շատ լավ ծրագիր և առողջ թիմ, որն ի զորու կլինի այդ ծրագիրը կյանքի կոչել: ՀՅԴ-ի մասնակցության դեպքում մեր թեկնածուն լինելու է այնպիսին, որ իր հետևից շատ երևանցիների է տանելու ու նախընտրական ծրագրով շատերին է համոզելու»,- ընդգծեց Արմենուհի Կյուրեղյանը:

Դաշնակցությունն ավագանու ընտրություններին մասնակցության դեպքում, ամենայն հավանականությամբ, կկրկնի նախորդ ընտրությունների ձևաչափը:

«Դաշինքով մասնակցության հարց մենք երբևէ չենք քննարկել: Դաշնակցությունը միշտ ընտրություններին մասնակցել է միայնակ, ամենայն հավանականությամբ, այդպես կլինի նաև այս ընտրություններում»,- հավելեց ՀՅԴ պատգամավորը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am