ԿԳ նախարարի տեղակալը ներկայացրել է համընդհանուր ներառական կրթության անցնելու պետության քաղաքականությունը

Armenpress 15:19, 17 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համընդհանուր ներառական կրթության անցնելու միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանարպետության կառավարության որոշմամբ Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցեղ երեխաների թիվ 2 հատուկ (օժանդակ) դպրոցը և Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցը վերակազմավորվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից,  նշված հաստատություններում սովորող ավելի քան 160 աշակերտները սեպտեմբերի 1-ից հաճախելու են հանրակրթական դպրոցներ:

Աշակերտների տեղափոխման գործընթացին և կրթական կարիքներին վերաբերող խնդիրները քննարկելու, ծնողներին մտահոգող հարցերը պարզաբանելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը հանդիպում է ունեցել աշակերտների և ծնողների հետ: Նախարարի տեղակալը ներկայացրել է համընդհանուր ներառական կրթության անցնելու պետության քաղաքականությունը և մանրամասնել, թե ինչ ծառայություններ կարող են ստանալ հատուկ կարիքներ ունեցող երեխաները հանրակրթական դպրոցում`մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից. «Հատուկ կարիք ունեցող երեխաներն ունեն կրթության նույն իրավունքները և, ելնելով գնահատման արդյունքներից, հանրակրթական դպրոցներում նրանք կստանան անհատական մի շարք ծառայություններ, որը նախկինում ստացել են նաև հատուկ դպրոցներում: Այս հարցում դպրոցներին աջակցելու են նորաստեղծ մանկավարժահոգեբանական կենտրոնները, որոնք նաև երեխայի կարիքի գնահատումն են իրականացնելու»,- նշել է Լ. Առաքելյանը` շեշտելով, որ այս փուլում նախարարությունը կարևորում է գնահատող օղակի կայացումը և արդյունավետ աշխատանքը: Նախարարի տեղակալի խոսքով` եթե կարիքի գնահատումը ճիշտկատարվի, ապա երեխան հանրակրթական դպրոցում կարող է ստանալ անհրաժեշտ ծառայություններ (օրինակ` դայակ,  անհատական ուսումնական պլան և այլն), իսկ հաճախումը հանրակրթական դպրոց կնպաստի հասարակության մեջ նրանցինտեգրմանը. «Մենք բոլորս և առաջին հերթին հատուկ դպրոցներում սովորող երեխաները, խնդիր ունենք օգնելու հասարակությանը` հաղթահարել վստահության պատնեշը և դառնալ ներառական: Դպրոց հաճախող բոլոր աշակերտները պետք է սովորեն կրթություն ստանալ նույն միջավայրում, նույն դասարանում` անկախ իրենց զարգացման բնականոն կամ հատուկ կարիքից»,- շեշտել է   Լ. Առաքելյանը:

Հանդիպման ընթացքում ծնողները մտահոգություն են հայտնել հանրակրթական դպրոցում իրենց երեխաների կրթության կազմակերպման, ընդհանուր միջավայրում ինտեգրման ու սոցիալական տարբեր  խնդիրների վերաբեյալ:

Նշենք, որ գործում է միջգերատեսչական հանձնաժողով` կրթության և գիտության, առողջապահության, աշխատանքի և սոցիական հարցերի նախարարությունների և մարզպետարանի պատասխանատուների ներգրավմամբ: Հանձնաժողովի կողմից բարձրացված հարցերի անհատական ցուցակագրում է կատարվում, ձեռնարկվում են քայլեր դրանք օրենքի շրջանակում լուծելու ուղղությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am