Հայտնաբերվել է ապօրինի գործող արտադրամաս

Armenpress 18:55, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում գտնվող նախկին լիմոնադի գործարանի շինություններում գործում է ապօրինի արտադրամաս, որտեղ պատրաստում են գյուղնշանակության կիսաֆաբրիկատ արկղեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տարածքը պատկանում է Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Անդրանիկ Մխիթարյանին: Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում չգրանցված երեք աշխատակից կատարում էին իրենց հանձնարարված աշխատանքը:

Տարածքում հայտնաբերվել են փայտանյութեր, սղոցարան, փայտե արկղերի կիսաֆաբրիկատներ, այլ իրեր ու առարկաներ, որոնք օգտագործվել են արտադրամասում: Կատարվում է հետաքննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am