Սուր հեպատիտ B և հեպատիտ C հիվանդությունների նվազման միտումներ կան


ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ 2015 թվականից մինչ օրս անցկացվող հետազոտությունների՝ սուր հեպատիտ B և հեպատիտ C հիվանդությունների նվազման միտումներ կան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Ռոմելա Աբովյանը: 

«Նվազումը առկա է սուր և խրոնիկ հեպատիտների դեպքում: Հեպատիտ B-ն 2017 թվականին նվազել է 2.7 անգամ, իսկ հեպատիտ C-ն 2.5 անգամ: Սակայն սրանք այնքան էլ իրատեսական տվյալներ չեն, քանի որ հեպատիտ C-ով հիվանդների 50%-ը տեղյակ չէ իր հիվանդության մասին: Այն ընթանում է առանց ախտանիշների և համաձայն առողջապահության համաշխարհային տվյալների՝ լյարդի առաջնային քաղցկեղով հիվանդության դեպքերի 60 %-ը պայմանավորված է հեպատիտ B-ով և C-ով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում մինչև օրս գրանցվել է հեպատիտ B-ի 404 և հեպատիտ C-ի 768 դեպք:

«Մենք չենք բավարարվում այս տվյալներով և հիվանդանոցներում իրականացնում ենք մշտադիտարկում: Ըստ մեր անցկացրած ուսումնասիրությունների՝ հեպատիտով վարակվելու պատճառ են հանդիսանում կոսմետոլոգիական կենտրոններում և բժշկական կազմակերպություններում հիգիենայի կանոնների կոպիտ խախտումները»,- նշեց նա:

Դրական մարդկանց հայկական ցանց սոցիալական ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանի խոսքով՝ 2017-2018 թվականներին ՀՀ մի շարք քաղաքներում, այդ թվում նաև Գավառում, Սևանում, Մարտունիում, Արմավիրում անցկացրած հետազոտությունների ընթացքում հետազոտվել են 1559 քաղաքացիներ, որոնց հիմնական մասի տարիքը բարձր է եղել 40-ից: Ընդհանուր առմամբ գրանցվել է հեպատիտ C-ի 115, հեպատիտ B-ի 22 և միավարակի 9 դեպքեր»,- նշեց նա:

«Այս հետազոտությունների գլխավոր նպատակն էր բացահայտել, թե իրականում ինչ տարածվածություն ունեն հեպատիտները բնակչության շրջանում: Իրականացվել է հեպատիտ B-ի և C-ի, զուգահեռ նաև ՁԻԱՀ-ի, ՄԻԱՎ-ի ու սիֆիլիսի հետազոտություններ: Այդ ընթացքում բաժանել ենք նաև իրազեկող թռուցիկներ, տվել ենք լրացուցիչ ինֆորմացիա»,- ընդգծեց Անահիտ Հարությունյանը:

Վերջինիս հավաստմամբ՝ Հայաստանում հեպատիտի բուժումը վճարովի է և հասանելի չէ բոլորին:

«Մենք փորձում ենք անել հնարավորին ամեն ինչ, որպեսզի բուժումը հասանելի լինի բնակչությանը: Հեպատիտի դեմ պայքարը բոլորիս խնդիրն է: Առողջապահության նախարարությունը կամ տվյալ հասարակական կազմակերպությունը միայնակ չի կարող լուծել այս հարցն առանց ժողովրդի աջակցության»,-եզրափակեց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am