Հույս ունենք նոր թափ հաղորդել ներդրումների և բիզնեսի ակտիվացմանը. Նիկոլ Փաշինյան

Armenpress 14:19, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը լրացում և փոփոխություն կատարեց նախկինում ընդունած՝ «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «Երևանի շոկոլադի գործարան» ՓԲԸ-ի ներկայացված հայտը բավարարելու մասին» որոշման մեջ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել ներմուծել լրացուցիչ ապրանքներ, որոնք հայտի ներկայացման պահին ցանկում ներառված չեն եղել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշեց, որ այս կարգի նախագծեր կառավարության գրեթե ամեն նիստին քննարկվում է: «Ես հույս ունեմ, որ այս ուղերձը մեր տնտեսական դաշտում հստակ ընկալվում է, և սա նշանակում է, որ նոր սարքավորումներ են ներկրվում Հայաստանի Հանրապետություն՝ արտադրանքի ծավալներն ընդլայնելու համար: Մենք առավել քան շահագրգռված ենք, որ Հայաստանում բիզնեսն աշխուժանա, և դրա միտումները կան: Հույս ունենք, որ մենք կառավարության գործունեության համատեքստում նոր ուժ, նոր թափ կտանք ներդրումների և բիզնեսի ակտիվացմանը, և տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները ոչ միայն չեն խոչընդոտի այդ պրոցեսին, այլև, հակառակը, առավել բարենպաստ պայմաններ կստեղծեն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է վարչապետը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am