1000х90.jpg (78 KB)

Նախարարությունը նախատեսում է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման նոր համակարգ ներդնել

Armenpress 11:10, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է  հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման և ծառայությունների մատուցման նոր համակարգ ներդնել:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքից, նախարարությունը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019 թվականի ծրագիր է մշակել, որի նպատակն է ապահովել այդ անձանց իրավունքների պաշտպանությունը և ներառումը կյանքի տարբեր ոլորտներում:

Ըստ նախագծի`բոլոր ոլորտներում իրականացվելու են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական ներառման և կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ:

«2019 թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, նրանց հասարակություն ներառելու համար հավասար պայմաններ և հավասար հնարավորություններ ապահովելուն, բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական գործընթացն առավելագույնս արդյունավետ կազմակերպելուն, հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության ու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրների լուծմանը»,- ասված է նախագծում:

Պլանավորվում է խելամիտ հարմարեցումների միջոցով ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունը այս անձանց առնչվող օրենսդրությունը, քաղաքականությունը, ռազմավարությունն ու գործողությունների ծրագրերը մշակելիս:

Կմշակվեն նաև մեխանիզմներ ամրապնդելու հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի դերը:

Նախագծի տվյալների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում 2018 թ. հունիսի 30-ի դրությամբ հաշվառված է 188 հազար 51 հաշմանդամություն ունեցող անձինք, որից 106 հազար 701 անձինք (56,7%) աշխատանքային տարիքի են:

«2018 թ. հունվարի 1-ի դրությամբ Զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է 2983 հաշմանդամություն ունեցող անձ: Տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 187 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից 48-ը՝ զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի արդյունքում: Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել է 56 հաշմանդամություն ունեցող անձ:

 Ներառական կրթություն իրականացնելու իրավունք վերապահված 201 հանրակրթական դպրոցներում 2017-2018 ուսումնական տարում սովորել է 6225 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա, ինչպես նաև համընդհանուր ներառական կրթություն է իրականացվում ՀՀ Սյունիքի մարզի 120 դպրոցում, Տավուշի մարզի 81 դպրոցում և Լոռու մարզի 151 դպրոցում: Նշված 3 մարզում, գործող ժամանակացույցի համաձայն, արդեն իսկ ներդրված է համընդհանուր ներառական կրթության համակարգը»,-նշված  է նախագծում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am