Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման աշխարհագրությունն ընդլայնվում է

Armenpress 19:43, 15 Օգոստոս, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից արտահանման ամենամեծ պահանջարկն ունի ծիրանը: Այս մասին օգոստոսի 15-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ փաստելով, որ ընթացիկ տարի ավելի շատ ծիրան է արտահանվել, քան անցած տարի: «Ամեն օր արտահանման տվյալները համադրելով կարող ենք ասել, որ, երեկվա տվյալներով, արդեն այս տարի 81 տոկոսով ավելի ծիրան ենք արտահանել, քան անցած տարի:

Արտահանվել է նաև կեռաս, խաղող: Դեղձի սեզոնը դեռ չի սկսվել, բայց անցած տարվա համեմատ արդեն մոտ 3 անգամ ավելի դեղձ ենք արտահանել»,- նշեց նախարարը փաստելով:,Նրա տվյալներով՝ արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, բայց արտահանման աշխարհագրությունն այս տարի ընդլայնվել է: «Հիմնականում ՌԴ ենք արտահանում, բայց այս տարի արտահանման աշխարհագրությունը մեծացել է. արտահանվում է նաև Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Եվրոպական միություն, նաև Մերձավոր Արևելք՝ Դուբայ, Միացյալ Էմիրություններ, Քաթար, Քուվեյթ:

Քաթար, օրինակ, կեռաս ու ծնեբեկ ենք արտահանում: Մի ընկերություն է, բայց կարողացել է մտնել շուկա»,- նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ արտահանումը ռիսկային է՝ հիմնականում Լարսի անցակետի հետ կապված: «Արտահանումը ռիսկային է հիմնականում Լարսի անցակետի հետ կապված, ռիսկային է նաև արտաժույթի տատանումների հետ կապված: Ընդհանուր առմամբ, արտահանման աշխարհագրության ընդլայնումը խիստ կարևոր ռազմավարական հարց է»,- ավելացրեց նախարարը:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am